Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը առավոտյան ոստիկանական ուժերի ուղեկցությամբ եղել է Մերձավան համայնքի գերեզմանատանը։ Քննչական կոմիտեից նշում են, որ կատարվել են քննչական գործողություններ։
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ: Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,-նշեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Զոհվել էր երկու մարդ, 1 հոգի վիրավորվել։ Մահացածներից մեկը Փարաքր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ քրեական ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։