Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի գործով օժանդակող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է չորս անձի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նրանց կողմից կնքվել են ձևական առուվաճառքի պայմանագրեր, օգտագործվել են կեղծ փաստաթղթեր և հաշիվ-ապրանքագրեր՝ 150 մլն 901 հազար 987 դրամ արժողությամբ գույքի իրական ծագումը և պատկանելիությունը խեղաթյուրելու համար։ Ստացված գույքը դրվել է շրջանառության մեջ և ստացել օրինական տեսք։

Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն գտնվում էր ՀՀ-ից դուրս, ինչի պատճառով նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Սակայն ՆԳՆ աշխատակիցների ջանքերով նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմին։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել