Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Iravaban.net-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։
Այս համատեքստում, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։