Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է

Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է.  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին:

Դրանք են՝

  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ավշար համայնքից հափշտակված գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43 միլիոն 623 հազար դրամ, իսկ համայնքի ղեկավարի բնակելի տան և հարակից շինությունների ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքների ձեռքբերման, կառուցման և գրանցման գործընթացում համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56 միլիոն 376 հազար դրամ:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազը 2025 թվականի մայիսի 29-ին քրեական հետապնդումներ է հարուցել Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, փողերի լվացում և իշխանական դիրքի չարաշահմամբ վատնում կատարելու համար, իսկ համայնքի նախկին ղեկավարի վարորդ Պ.Մ.-ի նկատմամբ՝ Ս.Գ.-ի վերոնշյալ գործողություններին օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառած՝ շուրջ 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 100 միլիոն դրամ վնասը:

 Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել