Կան անկախ դատական համակարգի և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի անկախության ու քաղաքական իշխանության սահմանափակումներ՝ որպես սկզբունք: Բայց հիմա հարցեր են ծագում՝ այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն ինչին պետք է միջամտի, և որտեղ է այն գիծը, որ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի: Այդ մասին Ստրասբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Փարաքարում տեղի ունեցող իրադարձություններին:
«Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, բնականաբար, այդ հարցերն ինձ էլ են հետաքրքրել և անհանգստացրել»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց այս տարվա փետրվարին Փարաքարում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ 1 զոհ է եղել, ապա հիշեցրեց, որ գործով 14 մեղադրյալ կա, դատավարությունն էլ ընթանում է, և որ մեղադրյալների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մյուս մասը տնային կալանքի տակ է:
«Մյուս կողմից՝ մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռնված լինեն: Դեպքեր ունենք, որ երբ հանցագործություններ են կատարում մարդիկ, որոնք դատարանում այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են: Մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ բարձրաձայնում է այդ հարցը, ասում է՝ այն, որ խափանման մեղմ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս, հանցագործություն են կատարում, ինչո՞ւ պետք է պատասխանատվությունը լինի միայն ոստիկանության վրա, իսկ ում մասով չարդարացված (ինչպես հետագայում պարզվում է), մեղմ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն:
Կա նաև ուրիշ խնդիր՝ ընկալման հարց, որովհետև մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, կամ եթե ազատության մեջ է, այսինքն՝ ֆիզիկապես քայլում է, ուրեմն՝ վերջ: Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է, մենք պետք է հասկանանք՝ ինչքան և ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել, և որ դեպքերում է, որ կարելի է նաև այլընտրանքային միջոցներ ձեռնարկվեն:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մի կողմից ասում են՝ սա բռնապետություն է, այս իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով, մյուս կողմից ասում են՝ ամենաթողություն է, ազատության մեջ են: Հասկանո՞ւմ եք՝ սրանք շատ լուրջ դիլեմաներ են»,- ասաց նա: