Iravaban.net-ը ներկայացնում է իրավական վերլուծություն՝ հղում կատարելով UPI և Al Jazeera լրատվամիջոցների հրապարակումներին։ Ըստ վերլուծության Պերուն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր նախկին նախագահները միաժամանակ կոռուպցիայի և այլ լուրջ մեղադրանքների համար հետապնդվում են արդարադատության կողմից:
Ո՞վքեր են այդ նախագահները և ի՞նչ վիճակում են հիմա.
Ներկայումս 3 նախկին նախագահներ գտնվում են Պերուի Բարբադիլիո բանտում՝ հատուկ կառուցված նախկին նախագահների համար, 1-ը 2025թ. սեպտեմբերի 4-ին է կալանքից ազատվել, իսկ մյուսները հետաքննության տակ են կամ մահացել են:
Ալեխանդրո Տոլեդոն, ով ղեկավարել է Պերուն 2001-2006 թվականներին, 2024թ. հոկտեմբերին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման բրազիլական Odebrecht ընկերությունից $35 միլիոն կաշառք ընդունելու համար: 2025թ. սեպտեմբերին նրա վիճակն ավելի է ծանրացել՝ ստանալով լրացուցիչ 13 տարի և 4 ամիս ազատազրկում փողերի լվացման մեղադրանքով: Նա ներկայումս գտնվում է Բարբադիլիո բանտում:
Մարտին Վիսկարան, ով եղել է Պերուի նախագահ 2018-2020թթ., 2025թ. օգոստոսի 13-ին ձերբակալվել և ուղարկվել է Բարբադիլիո բանտ 5 ամիս նախնական կալանքի: Նա մեղադրվում է 2011-2014թթ. Մոքեգուայի շրջանային նահանգապետի պաշտոնում երկու պետական պայմանագրերի հետ կապված 600,000 դոլարից ավելի կաշառք վերցնելու մեջ: 2025թ. սեպտեմբերի 4-ին դատարանն անսպասելիորեն որոշում է կայացրել նրան ազատ արձակել, մինչ նա սպասում է դատավարությանը:
Օլանտա Ումալան, ով ղեկավարել է երկիրը 2011-2016թթ., 2025թ. ապրիլին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Odebrecht ընկերությունից և Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսից ստացված $3.2 միլիոնի փողերի լվացման համար: Ուշագրավ է, որ նրա կինը՝ Նադին Էրեդիան, նույնպես դատապարտվել է, սակայն ապաստան է խնդրել և ստացել Բրազիլիայի դեսպանատանը՝ խուսափելով ազատազրկումից: Ումալան ներկայումս գտնվում է Բարբադիլիո բանտում:
Պեդրո Կաստիլիոն, ով եղել է նախագահ ընդամենը մեկ տարի (2021-2022թթ.), 2022թ. ձերբակալվել է պետական հեղաշրջման փորձի համար, երբ փորձեց ցրել Կոնգրեսը և իշխել հրամանագրերով: Նրան ներկայացվել են նաև բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքներ նախագահության կարճատև ժամկետի ընթացքում: Նա նույնպես գտնվում է Բարբադիլիո բանտում:
Պեդրո Պաբլո Կուչինսկին, ով գլխավորել է երկիրը 2016-2018թթ., հրաժարական է ներկայացրել 2018-ին՝ Odebrecht-ի հետ կապերի գաղտնի ձայնագրությունների ի հայտ գալուց հետո: 2022թ. նա գտնվել է տնային կալանքի տակ, ներկայումս ազատ է որոշ սահմանափակումներով և իրավունք չունի լքելու Պերուն: Նրա դեմ հարուցված են փողերի լվացման և դավադրության մեղադրանքներ, սակայն դեռևս վերջնական դատավճիռ չկա:
Երկու նախկին նախագահներ արդեն չկան կենդանիների շարքում: Ալան Գարսիան, ով եղել է Պերուի նախագահ երկու անգամ (1985-1990թթ. և 2006-2011թթ.), ինքնասպան է եղել 2019-ին, երբ ոստիկանությունը եկել էր նրան ձերբակալելու Odebrecht-ի գործով: Ալբերտո Ֆուխիմորին, ով ղեկավարել է Պերուն 1990-2000թթ., դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար: 2023թ. դեկտեմբերին նա ստացել է համաներում և ազատ արձակվել մարդասիրական հիմքերով, սակայն մահացել է 2024թ. սեպտեմբերի 11-ին՝ 86 տարեկան հասակում:
Բարբադիլիո բանտ. հատուկ կալանավայր նախկին նախագահների համար.
Բարբադիլիո բանտը (իսպաներեն՝ Penal de Barbadillo) գտնվում է Լիմայի արվարձաններում՝ ոստիկանական ակադեմիայի տարածքում և կառավարվում է Պերուի Ազգային քրեակատարողական ինստիտուտի կողմից: Այն հայտնի է որպես «նախագահական բանտ» և հատուկ կառուցվել է նախկին նախագահների համար:
Բանտը բացվել է 2007 թվականին՝ երբ Ալբերտո Ֆուխիմորին արտահանձնվեց Չիլիից Պերու: Սկզբում այն նախատեսված էր որպես ժամանակավոր տարածք, մինչև նրա համար կառուցվեր մեկ այլ հաստատություն, սակայն հետագայում որոշվեց, որ նա կմնա այնտեղ Ալան Գարսիայի կառավարության ժամանակաշրջանում:
Բարբադիլիոն ավանդական բանտի տեսք չունի: Այն բաղկացած է երկու մոտ 800 քառակուսի մետր «խցերից», որոնցից յուրաքանչյուրն ունի ննջասենյակ, խոհանոց, ճաշասենյակ և այգի: Ֆուխիմորիի սենյակը մոտ 15 քառակուսի մետր է, ունի սեփական խոհանոց և լոգարան, լրացուցիչ 20 քառակուսի մետր տարածք, որն օգտագործվում է որպես ճաշասենյակ ու հյուրասենյակ, ինչպես նաև մուտք դեպի այգի, որտեղ նա աճեցնում էր վարդեր:
Բանտն ունի մշտական բժիշկ, շուրջօրյա հերթապահող շտապօգնության մեքենա և բուժկետ, որը գտնվում է Ֆուխիմորիի տարածքի մոտ՝ հաշվի առնելով նրա տարիքը:
Պաշտոնապես Բարբադիլիո բանտն ունի երկու կալանավորի տարողություն, սակայն այն հարմարեցվել է մինչև չորս կալանավոր տեղավորելու համար: Բանտի մուտքը խստորեն վերահսկվում է, և հասարակությունը սահմանափակ տեղեկատվություն ունի այնտեղ տիրող պայմանների մասին:
Ինչպես նշում է Բարբադիլիո բանտում նախկին կալանավոր Օլանտա Ումալայի փաստաբան Վիլֆրեդո Պեդրազան, «սա բանտ է, որտեղ պարտադիր չէ տեսնել ճաղեր պատուհաններին», սակայն «այն հեռու է ոսկեզօծ բանտից: Փաստորեն, դա բանտ չէ»:
Լուսանկարը՝ https://www.npr.org/-ի։