Խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն․ Անահիտ Մանասյան

Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։ Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ ուղղություններ, ինչպիսիք են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացառումը և արգելքը։ Այս առումով Պաշտպանն ընդգծել է, որ առերևույթ խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այս առումով գրանցված որոշակի առաջընթացին, այնուամենայնիվ, խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն։
Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ հաստատությունը խտրականության դեմ պայքարի ոլորտում զարգացրել է իր կարողությունները` ընդգծելով այս ոլորտում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների առկայության հանգամանքը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գրավոր հայտարարություն Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) արդյունքների քննարկման նստաշրջանի համար, որում ներկայացրել է մարդու իրավունքների առանձին ոլորտների առնչվող որոշ խնդիրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել