Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում են երեխայի անվան կամ ազգանվան փոխման գործընթացը:
Ո՞վ կարող է դիմել անվան/ազգանվան փոխման համար.
Ըստ տարիքային խմբերի՝
- Մինչև 16 տարեկան երեխաներ– ծնողների ՀԱՄԱՏԵՂ դիմումով
- 16-18 տարեկան– ծնողների/խնամակալի գրավոր համաձայնությամբ
- 18 տարեկանից բարձր– ինքնուրույն
Կարևոր դրույթներ.
- 10 տարեկանից բարձր երեխայի անվան փոխումը հնարավոր է ՄԻԱՅՆ երեխայի համաձայնությամբ
- Ծնողներից մեկի բացակայության դեպքում (մահ, անգործունակություն, անհայտ բացակայող, ծնողական իրավունքներից զրկված) բավարար է ՄԻԱՅՆ մյուս ծնողի դիմումը
- Ծնողների անհամաձայնության դեպքում՝ պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը
Անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը.
- Մինչև 16 տարեկան երեխաների համար.
- Դիմողի (ծնողի) անձը հաստատող փաստաթուղթ
- Երեխայի ծննդյան վկայական կամ ծննդյան ակտային գրանցման տվյալներ
- Երկրորդ ծնողի համաձայնությունը կամ նրա բացակայության հիմնավորող փաստաթուղթ
- 10 տարեկանից բարձր երեխայի գրավոր համաձայնությունը
- Ծնողներից մեկի մահվան վկայականը (առկայության դեպքում)
- Դատարանի վճիռ (անգործունակ ճանաչված լինելու դեպքում)
- 16-18 տարեկանների համար.
- Դիմողի և երեխայի անձը հաստատող փաստաթղթեր
- Երեխայի ծննդյան վկայական կամ ծննդյան ակտային գրանցման տվյալներ
- Ծնողների/խնամակալի գրավոր համաձայնություն
- Երեխայի անչափահաս երեխաների (առկայության դեպքում) տվյալներ
- Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լրացուցիչ.
- Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ
- Նոտարական կարգով հաստատված լիազորագիր
- Համապատասխան անձանց կողմից երեխայի անունը փոխելու մասին գրավոր համաձայնություններ՝ նոտարական կարգով հաստատված
Դիմումի պարտադիր տեղեկությունները.
Դիմումում պարտադիր նշվում են՝
- Դիմողի անձնագրային տվյալները
- Անունը փոխող երեխայի լրիվ տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան վայր և ժամանակ)
- Ծնողների անձնագրային տվյալները
- Երեխայի համար ընտրված նոր անունը և/կամ ազգանունը
- Երեխայի անչափահաս երեխաների տվյալները (եթե կան)
Գրանցման ժամկետները.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ անվան փոխման գրանցումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15 օրյա ժամկետում:
Ո՞ւր դիմել.
Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է ՔԿԱԳ գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում՝ դիվանագիտական ծառայության մարմինը:
Հետագա քայլերը և տրամադրվող փաստաթղթերը.
Անվան/ազգանվան փոխման գրանցումից հետո՝
- Տրամադրվում է անվան փոխման պետական վկայական
- Նույն օրը տեղեկատվությունը հաղորդվում է ոստիկանության անձնագրային բաժին և զինկոմիսարիատ
- Փոփոխություն է կատարվում նախկինում գրանցված բոլոր ակտերում
- Տեղեկությունը հրապարակվում է պաշտոնական ինտերնետային կայքում
- Անվան փոխման վկայականի հետ տրամադրվում են նաև այլ քաղաքացիական կացության ակտերի նոր վկայականները
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։