Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է ստացվել զինծառայողի կողմից ծառայության առանձին պարտականությունները չկատարելու հատկանիշներով։
Գործի մանրամասները և ժամանակագրությունը
Է. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով՝ սերժանտ, նույն զորամասի դասակի հրամանատարի կողմից զորամասի շտաբի պետին` 2024 թվականի մարտի 13-ին ներկայացված զեկուցագրով 2024 թվականի մարտի 14-ից 15-ն ընդգրկված լինելով ներքին վերակարգում՝ որպես ներքին վերակարգի վաշտի հերթապահ, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունը՝ վաշտի հերթապահի պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։
Բացի այդ Է.Մ.-ն զորամասի հրամանատարի՝ 2024 թվականի հունիսի 28-ի հրամանով 2024 թվականի հունիսի 28-ից 29-ն ընդգրկված լինելով ներքին վերակարգում՝ որպես զորամասի հավաքակայանի հերթապահ, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունը՝ հավաքակայանի հերթապահի պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ։
2025 թվականի փետրվարի 28-ին գործը մուտքագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է Նապոլեոն Գրիշայի Օհանյանին։
Մարտի 3-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսում նշանակելու մասին։
Նախնական դատալսումներով առաջին նիստը անցկացվել է 2025 թվականի մարտի 13-ին։
Մեղադրանքի հոդվածները և խափանման միջոցը
Է․ Մ․-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), այն է՝ Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Որպես խափանման միջոց ընտրվել է հետևյալը՝
ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով) որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածի կիրառմամբ՝ հանցագործությունների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ վերջնական պատիժ սահմանել կարճաժամկետ ազատազրկում 2 (երկու) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի կիրառմամբ` կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Խափանման միջոցի հարցի քննարկումը
Նախնական դատալսումների ժամանակ քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270 և 316 հոդվածներով։
Ուսումնասիրված ապացույցները և դատական ակտի կիրառումը
Ներկայացված մեղադրանքում Է․ Մ․-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ «ծառայել է ՀՀ ՊՆ Ն զորամասում։ Տեղյակ է եղել, որ կա մարտական հրաման, սակայն ծառայողական քննության ժամանակ դրա մասին չի բարձրաձայնել։ Վաշտի հերթապահության գրաֆիկ և զեկուցագիր տվյալ օրերի համար չի եղել։ Իրենք առաջնորդվել են Վերանյանի և դասակի հրամանատարի զեկուցագրով։ Հարցերին պատասխանելիս նշել է, որ վերակարգի ծառայություն չիրականացնելու պատճառով իր նկատմամբ եղել է 6 ծառայողական քննություն, որից 3-ով «հաղթել է»։ Գիտի, որ ցանկացած օրինական հրաման պետք է կատարվի։ Ծառայողական քննության եզրակացության համաձայն տույժի է ենթարկվել, սակայն նույն արարքի համար գործը ուղարկվել է դատախազություն։ Զորամասի ավտոհավաքակայանում հրաժարվել է իրականացնել վերակարգի ծառայություն, քանի որ եղել է գերհոգնած վիճակում, ունեցել է անձնական խնդիրներ, որոնց վերաբերյալ չի մանրամասնել։ Մինչ այդ լեյտենանտ Գալստյանը իրեն ծանոթացրել է զեկուցագրին, որտեղ գրառում է կատարել, որ դեմ է։
Լրացուցիչ դատալսումների ժամանակ հետազոտվել են հետևյալ փաստաթղթերը.
– ՀՀ ՊՆ Ն զորամասի դասակի հրամանատար Վ. Գալստյանի կողմից տրված ծառայողական բնութագրի պատճենը, որի համաձայն՝ Է․ Մ․-ն բնութագրվում է բավարար,
– ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված ձև 8 տեղեկանքը, որի համաձայն՝ Է․ Մ․-ն նախկինում դատապարտված և արատավորված չի եղել։
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 33-րդ, 270-րդ և 346-350-րդ հոդվածներով՝ Դատարանը
վճռել է Է․ Մ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Է․ Մ․-ի վրա դնել պարտականություն՝ փորձաշրջանի ընթացքում առանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը:
Է․ Մ․-ի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը։
Դատական ակտի բողոքարկումը
2025 թվականի մայիսի 29-ին ամբաստանյալը դիմել է վերաքննիչ դատարան։ Հունիսի 11-ին գործը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Հովհաննեսի Ղուկասյանին։ Առաջին նիստը անցկացվել է հուլիսի մեկին։
2025 թվականի հունիսի 29-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատարանի այլ նիստով (դատավոր Ա․Ղուկասյան) առանձին սենյակում գտնվելու պատճառով։
Գործի ներկա կարգավիճակը
Գործով հերթական դատական նիստը նշանակված է եղել սեպտեմբերի 22-ին։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նիստի անցկացման մասին մանրամասներ նշված չեն։