ՆԳՆ-ն հետևողական է լինելու ծառայությունից ազատված անձանց վարքագծին

2023 թվականին Ներքին գործերի նախարարությունում ստեղծվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որը գործում է ՆԳ նախարարի անմիջական ենթակայության ներքո։ Ոստիկանության բարեփոխումների նոր՝ 2024-2026 թվականների ռազմավարությամբ անդրադարձ է կատարվում նաև այս վարչության կայացման հարցերին։

Iravaban.net-ի հետ զրույցում ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը նշեց, որ ստորաբաժանման հիմնական նպատակներն են՝ նախարարության և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, ինչպես նաև կարգապահական, բարեվարքության ու էթիկայի հնարավոր խախտումների կանխարգելումը։

«Կամ նման դեպքերի բացահայտումը, ինչպես նաև դրանք ծնող պատճառների և նպաստող հանգամանքների վերացումը։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում ստորաբաժանման անձնակազմի կարողությունների և հմտությունների շարունակական զարգացմանը։

Կարևորվում է նաև ոլորտին առնչվող այլ պատասխանատուների հետ համագործակցությունը, տարեկան ծրագրերի մշակումը, որոնց վերլուծությունը թույլ կտա վերհանել առկա խնդիրները»,- նշեց Սահակյանը։

Պաշտոնյան կարևորեց նաև ոստիկանության ծառայողի համար մշակված վարքագծի կանոնները, որոնք հիմնված են հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների վրա։ 

Փոփոխություններ են կատարվել նաև կարգապահական կանոնագրքում․ «Նոր կանոնագրքում սահմանված են կարգապահական չափանիշները, ինչպես նաև ծառայողական քննությունների անցկացման կարգը արդիականացվել է՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ»։

Նախարարությունից հայտնում են նաև, որ 2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն  վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ։

Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝ 

– հայտարարվել է «Նկատողություն»`  11,                                   

– հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  12, 

– հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2, 

– ծառայությունը դադարեցվել է՝ 2: 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «Նախազգուշացում», 4 «Նկատողություն»։

ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «Նկատողություն», 7 «Խիստ նկատողություն»։

2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել 51 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել են 46 քրեական վարույթներ (36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։

Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Ներքին գործերի նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 6 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութեր: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր,  մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Բացի այդ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը՝ հետաձգվել:

Նատալի Սահակյանի խոսքով՝ նախարարությունը հետևողական է լինելու նաև ծառայությունից ազատված անձանց վարքագծին՝ թափանցիկության և շահերի բախման ռիսկերի նվազեցման նպատակով։ Կատարվելու է ուսումնասիրություն ոստիկանության ծառայությունից ազատ արձակված անձանց մասով հետաշխատանքային ժամանակահատվածում թափանցիկության ապահովման և շահերի բախման ռիսկերի մեղմման մեխանիզմների վերաբերյալ՝ միջազգային ստանդարտների (այդ թվում՝ GRECO-ի) և առնվազն 5 Եվրոպայի խորհրդի անդամ պետության լավագույն փորձի վերլուծության հիման վրա։

Զեկույցի հիման վրա կմշակվի օրենսդրական փոփոխությունների նախագիծ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։

Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել