Ապատեղեկատվության ընդհանուր պատկերը
Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում տեղեկատվական դաշտը բախվում է լուրջ մարտահրավերների, և Հայաստանը բացառություն չէ։ Կեղծ լուրերը, մանիպուլյատիվ բովանդակությունը և փոխկապակցված ապատեղեկատվական նարատիվները, հատկապես սոցիալական մեդիայի միջոցով շատ արագ հասնում են հազարավոր մարդկանց և ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա։
Եթե նախկինում նման երևույթներ հիմնականում տարածվում էին հեռուստատեսությամբ կամ տպագիր մամուլում, ապա վերջին տարիներին առցանց մեդիայի և սոցիալական հարթակների արագ զարգացումը ապատեղեկատվությունը դարձրել է ավելի լայնածավալ ու ազդեցիկ։ Հատկապես կարևոր է արձանագրել, որ ապատեղեկատվությունը չի սահմանափակվում միայն ներքին քաղաքականությամբ․ այն ակտիվորեն օգտագործվում է նաև արտաքին ուժերի կողմից՝ նպատակ ունենալով թուլացնել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, սրել հասարակական լարվածությունը և ազդել ազգային անվտանգության վրա։
Հայաստանը դեռևս չունի հատուկ ազգային մարմին, որը պատասխանատու կլինի ապատեղեկատվությունը բացահայտելու և դրան հակազդելու գործառույթների իրականացման համար, կառավարության տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված արձագանքների մշակման համար։ Վարչապետի աշխատակազմում գործող «Հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ը, օրինակ, զբաղվում է հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվական անվտանգության հարցերի ուսումնասիրությամբ, սակայն դրա գործունեությունը ամբողջությամբ չի ծածկում ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Կառավարության արձագանքը
Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապատեղեկատվության սպառնալիքին։ Թեև մինչ այժմ ձեռնարկված քայլերը հիմնականում եղել են հատվածական և առանց միասնական ռազմավարության, 2023 թվականի նոյեմբերին հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգը և հայեցակարգից բխող 2024-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որի հիմնական նպատակն է ստեղծել համապարփակ և համակարգված մոտեցում՝ Հայաստանում ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար։
Այս ռազմավարությունն ուղղված է․
- պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը,
- հասարակության ներգրավվածության ապահովմանը,
- մեդիա ոլորտի զարգացմանն ու ինքնակարգավորմանը,
- տեխնոլոգիական գործիքների կիրառմանը։
Ռազմավարության առաջնահերթությունները․
- Ապատեղեկատվության ինստիտուցիոնալ հաղթահարում՝ հանրային կառավարման մարմինների կարողությունների զարգացում։
- Համագործակցություն մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ՝ արձագանքման մեխանիզմների ներդրում։
- Իրավական դաշտի կատարելագործում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համարժեք մեխանիզմներ ապահովելու նպատակով։
- Հանրային կրթություն և մեդիագրագիտության բարձրացում՝ հատկապես երիտասարդների և խոցելի խմբերի շրջանում։
- Տեխնոլոգիական գործիքների օգտագործում՝ ապատեղեկատվության մոնիթորինգի և վերլուծության համար։
Ռազմավարությամբ ակնկալվող արդյունքներն են՝
- Ապատեղեկատվության վտանգների վերաբերյալ բարձրացված իրազեկվածություն։
- Հաստատված հստակ մեխանիզմներ պետական մարմինների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցության համար։
- Մեդիագրագիտության բարձր մակարդակ՝ որպես կանխարգելման հիմնական միջոց։
- Իրավական և քաղաքական ամրապնդում՝ թվային միջավայրում խոսքի ազատության և պատասխանատվության համաչափության ապահովմամբ։
Հայեցակարգի թիրախային խմբերն են․
Հայեցակարգի թիրախային խումբը բավականին ընդգրկուն է՝ հաշվի առնելով, որ աշխատանքային խումբը պատասխանատու է ոչ միայն գործողությունների մշակման, այլև դրանց իրականացման արդյունքների մշտադիտարկման համար։ Վերջնական նպատակն է ապահովել ՀՀ բնակչության առնվազն 70%-ի ընդգրկվածություն՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով։
Այսպիսի ընդգրկուն մոտեցումը կարևոր է, քանի որ հայեցակարգի արդյունավետությունն ու հաջողությունը մեծապես պայմանավորված են գործողությունների լայն շրջանակով և տարբեր սոցիալական շերտերի ներգրավմամբ։
Այդուհանդերձ, առանձնացվում են մի շարք առաջնային թիրախային խմբեր, որոնք իրենց անմիջական ներգրավմամբ կարող են առանցքային դեր ունենալ մեդիագրագիտության մակարդակի բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում․
- Ուսուցիչներ
- Երիտասարդներ (ուսանողներ, երիտասարդական կառույցների շահառուներ)
- Դպրոցահասակ երեխաներ
- Ծնողներ
- Պետական մարմինների աշխատակիցներ, այդ թվում` հաղորդակցության և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներ,
- Ֆորմալ ընդհանուր կրթական համակարգից դուրս գտնվող մեծահասակներ (30 65 տարեկան)
- Մասնավոր հատվածի ներկայացուցիչներ(ՀԿ-ներ, անկախ փորձագետներ, վերլուծաբաններ և այլն)
- Արտաքին լսարան
Ռազմավարական ուղղությունները
Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ համապատասխան 12 գործողությունների համալիրով։
- Ուղղություն 1. Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով
- Ուղղություն 2. Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա
- Ուղղություն Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն
Օրենսդրական փոփոխություններ ապատեղեկատվության և մեդիա ոլորտի կարգավորման ոլորտում
- 2020 թ. սահմանվել են էթիկայի կանոններ և ինքնակարգավորման մեխանիզմներ այն հեռարձակողների համար, որոնք մասնակցում են արտոնագրման մրցույթներին։
- 2020 թ. ընդունվեկ է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել լրատվամիջոցների հաշվետվողականությունն ու ֆինանսական թափանցիկությունը։
Այնուամենայնիվ, հեռուստատեսության սեփականության կառուցվածքի վերաբերյալ հանրային տեղեկատվության հասանելիությունը մնում է սահմանափակ, իսկ կոնկրետ հեռարձակողների և քաղաքական դերակատարների միջև կապերը՝ մշուշոտ։ - 2021 թվականին Ազգային ժողովն ընդունեց փոփոխություններ, որոնցով նախատեսվեց վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման առավելագույն շեմեր՝ համապատասխանաբար մինչև 3 և 6 միլիոն դրամ։
Այս փոփոխությունները քննադատության են արժանացել որպես հնարավոր սահմանափակում խոսքի ազատության նկատմամբ՝ բացասական ազդեցություն ունենալով լրագրողական գործունեության վրա։

Խնդիրներ և մարտահրավերներ
Չնայած Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարական փաստաթղթերին, ոլորտը շարունակում է բախվել մի շարք խորքային և բազմաշերտ խնդիրների։ Դրանք պայմանավորված են ինչպես ինստիտուցիոնալ բացերով, այնպես էլ իրավական, հասարակական և տեխնոլոգիական միջավայրի առանձնահատկություններով։
Ինստիտուցիոնալ և կառավարման բացեր
Հայաստանում դեռևս չկա անկախ, հստակ իրավասություններով օժտված մարմին, որը համակարգված կերպով կհետևի ապատեղեկատվության տարածմանը և կվերահսկի հակազդման գործընթացները։ Ներկայիս արձագանքները մասնատված են տարբեր գերատեսչությունների միջև, ինչը հանգեցնում է․
- գործառույթների կրկնության կամ հակասության,
- պատասխանատվության սահմանների անորոշության,
- պետական կառույցների գործողությունների անարդյունավետության։
Բացի այդ, պետական ինստիտուտների ներսում հաճախ բացակայում են անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսներ և տեխնոլոգիական կարողություններ՝ ապատեղեկատվության մոնիթորինգի ու վերլուծության համար։
Իրավական և նորմատիվ դաշտի խնդիրներ
Ապատեղեկատվության դեմ պայքարը բախվում է խոսքի ազատության սահմանափակման վտանգին։
- Վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվության միջոցները հաճախ ընկալվում են որպես ճնշման գործիք լրագրողների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ։
- Չկան հստակ չափանիշներ՝ ինչն է համարվում ապատեղեկատվություն, ինչն է պարզապես կարծիք կամ քննադատություն։ Այս անորոշությունը թույլ է տալիս մանիպուլյատիվ մեկնաբանություններ։
- Օրենսդրական դաշտը քիչ է հարմարված թվային միջավայրի արագ փոփոխություններին․ սոցիալական մեդիայի և առցանց հարթակների նկատմամբ պետական վերահսկողության և համագործակցության մեխանիզմները թույլ են զարգացած։
Հանրային վստահության պակաս և ինֆորմացիոն պոլարիզացիա
Հասարակության զգալի հատվածը չի վստահում պետական կառույցների կամ պաշտոնական լրատվամիջոցների տրամադրած տեղեկություններին։ Սա պայմանավորված է․
- անցյալում կուտակված թափանցիկության խնդիրներով,
- քաղաքականացված հաղորդագրություններով,
- անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշման մասին ընկալումներով։
Վստահության պակասը ստեղծում է բարենպաստ միջավայր կեղծ լուրերի արագ տարածման համար, քանի որ մարդիկ հակված են ավելի շատ հավատալ այլընտրանքային, չստուգված աղբյուրներին։ Բացի այդ, հասարակության ներսում առկա է խորացող պոլարիզացիա՝ քաղաքական, սոցիալական և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Այս պառակտվածությունը հեշտացնում է ապատեղեկատվական նարատիվների թիրախավորումը։

Մեդիագրագիտության ցածր մակարդակ
Չնայած մեդիագրագիտության ծրագրերի առկայությանը, Հայաստանի բնակչության մեծ մասի համար դեռևս դժվար է տարբերել հավաստի տեղեկատվությունը մանիպուլյատիվ բովանդակությունից։ Հատկապես խոցելի են․
- մարզերում ապրող քաղաքացիները,
- տարեցները,
- թվային տեխնոլոգիաներին քիչ տիրապետող խմբերը։
Մեդիագրագիտության ցածր մակարդակը նպաստում է ոչ միայն ապատեղեկատվության տարածմանը, այլև հանրային քննարկումների որակի նվազմանը։
Տեխնոլոգիական մարտահրավերներ
Ապատեղեկատվության տարածման հիմնական հարթակները միջազգային սոցիալական մեդիայի հսկա ընկերություններն են (Meta/Facebook, YouTube, TikTok, Telegram), որոնց հետ Հայաստանի համագործակցությունը սահմանափակ է։
- Պետական մարմինները չունեն բավարար լծակներ՝ այդ հարթակներից ապատեղեկատվական կամ ատելության խոսք պարունակող բովանդակությունը հեռացնելու հարցում։
- Տվյալների հասանելիության սահմանափակումը խոչընդոտում է ապատեղեկատվության ծավալի և ազդեցության խորքային վերլուծությունը։
- Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման բացակայությունը թույլ չի տալիս ժամանակին հայտնաբերել համակարգված ապատեղեկատվական արշավները։
Քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սահմանափակ ներառվածություն
Չնայած ռազմավարության մեջ շեշտվում է համագործակցության կարևորությունը, քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների ներգրավվածությունը շատ դեպքերում սահմանափակ է։
- Մասնավոր հատվածի մասնակցությունը սահմանափակվում է առանձին նախաձեռնություններով, առանց համակարգված մեխանիզմների։
- Միջազգային գործընկերների աջակցությունը հիմնականում նախագծային բնույթ է կրում և քիչ է ուղղորդվում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխությունների։
Քաղաքական և անվտանգային գործոններ
Ապատեղեկատվությունը Հայաստանում ոչ միայն ներքին սոցիալական կամ քաղաքական խնդիր է, այլև ազգային անվտանգության սպառնալիք։
- Տարբեր արտաքին դերակատարներ կիրառել և շարունակում են կիրառել ապատեղեկատվությունը՝ ազդելու Հայաստանի արտաքին քաղաքականության և հասարակական կարծիքի վրա։
- Տարածաշրջանային լարվածությունը (Լեռնային Ղարաբաղի հետ կապված հակամարտություն, հայ-ադրբեջանական հարաբերություններ) ստեղծում է տեղեկատվական պատերազմի մշտական ռիսկեր։
- Ներքաղաքական պառակտումները նպաստում են ապատեղեկատվության ներքին օգտագործմանը՝ որպես քաղաքական պայքարի գործիք։
Ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում կախված է ոչ միայն իրավական ու տեխնոլոգիական լուծումներից, այլև հասարակության վստահության վերականգնումից, մեդիագրագիտության բարձրացումից և պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև իրական գործընկերային համագործակցությունից։ Առանց այս հիմքերի ամրապնդման, անգամ լավագույն ռազմավարությունները կարող են մնալ թղթի վրա։
