Հայաստանի գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովին դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ընդգրկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2014 թվականի մարտի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում:
«Նախագծի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. մինչև մեկ ժամ տևողությամբ հանդես է գալու Հայաստանի գլխավոր դատախազը, հարակից զեկուցումներ չեն լինելու, հաղորդման քննարկումն ավարտվելու է գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու և մեկ կետ դուրս է եկել` հաշվետվությունը չի տպագրվելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ըստ նախագծի` Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում հաշվետվությունն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և մեկամսյա ժամկետում ընդգրկում է Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Նախատեսվում է նաև, որ ԱԺ խմբակցությունները հնարավորություն կունենան իրենց տեսակետը հայտնել հաշվետվության վերաբերյալ:
Հանձնաժողովի որոշ անդամներ մտահոգություն հայտնեցին, որ հնարավոր է մինչև ապրիլի 1-ը չհասցնեն ընդունել օրենքի նախագիծը:
«Առաջարկում եմ անպայման անցումային դրույթներ դնել, որ անպայման առաջին զեկույցը լինելու է սույնն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրենք` 15 օրյա ժամկետում կամ մեկամսյա ժամկետում։ Հակառակ պարագայում զեկույց չի կարող լինել այս տարի»,- ասաց Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ճիշտ չի լինի դեկտեմբեր ամսին գլխավոր դատախազ նշանակած անձը գա և ներկայացնի նախորդ գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը:
Դավիթ Հարությունյանը միջամտեց` հայտնելով, որ նա գլխավոր դատախազի հաշվետվություն չի ներկայացնում, այլ դատախազության աշխատանքի:
«Ճիշտ է, բայց քանի որ համակարգում շատ փոփոխություններ են եղել, ճիշտ կլինի մյուս տարվանից լինի հաշվետվության ներկայացումը»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: