Թիենծին քաղաքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:
ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:
Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:
Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են համագործակցության խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվության, չափագիտության և այլ ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: