Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
«Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։ Դատարանի, գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտը իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց, որպես իրավունքի չարաշահում: Թեև, Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց: Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե բնականաբար 44 օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»,-գրել է Լիպարիտ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։
Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։