ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 28․07․2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝ «Միդոկալմ (տոլպերիզոն), 50մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T46191E, պիտանելիության ժամկետ՝ 06.2027թ․) դեղի վերաբերյալ։
«Կարգադրագրի հիմք է հանդիսացել Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/3613-25 առ 25․07․25թ․ փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն (սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն) և գրանցման հավաստագրի իրավատեր «Գեդեոն Ռիխտեր» ԲԲ Ընկերությունը իրականացնում է վերոնշյալ դեղի T46191E սերիայի (պիտանելիության ժամկետ՝ 06.2027թ․) հետկանչ՝ ակտիվ դեղանյութի մեջ անհայտ խառնուրդ հայտնաբերելու պատճառով։
Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից»,-հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: