Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը ներկայացրել են նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարել։
Iravaban.net-ի փոխանցմամբ պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 187.1-ին հոդվածով, որը կվերաբերի բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն։
Առաջարկվում է սահմանել տուգանք։
«1. Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Ըստ նախագծի հիմնավորման՝ հիմնական նպատակը բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն է, անվտանգության ապահովումը և գործող օրենսդրության բացի լրացումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։
Հղում անելով Ներքին գործերի նախարարության վիճակագրությանը՝ նշվում է, որ 2023-2025 թվականների ընթացքում բուժաշխատողներին բռնության ենթարկելու 27 դեպք է արձանագրվել։
Նշենք, որ ներկայացված նախագիծը դեռ ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում։