Լավագույն դատարանների անվանացանկում 2013թ-ին իրենց աշխատանքով աչքի են ընկել և «Տարվա լավագույն դատարան» են ընտրվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանները: Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ ժամանակ:
Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները:
Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են ապահովել մասնագիտական բարձր որակներ: