Լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։

«Ըստ այդմ`

Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։

Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում: Առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որում նշված կլինի դրական մնացորդի չափը․ միայն դրանից հետո վերանորոգման վարկի ստացման և գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի դիմել գործընկեր բանկ, իսկ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար անհրաժեշտ կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի (ցանկն առաջիկայում կհրապարակվի) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։

Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով․ դիմելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո՝ 2 ամսյա ժամկետում։ Դիմում-բողոքներն ընդունվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից․ հանձնաժողովն ուսումնասիրելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող դեպքերը։

Անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։

Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել