Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Օրերս, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։
ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ երկրներից և Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային և մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ և խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում, ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավել քան 142 միլիոն դրամի վնաս։
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և էլեկտրոնային ծխախոտներ։
Ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են, հետևաբար, ցանկացած խախտում կարող է բացահայտվել։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները՝տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=fN2HzZgSAG0