Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց՝ կալանավորումը։ Նա կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ բողոքարկելու են դատարանի որոշումը․ «Որոշումն ակնհայտ ապօրինի է»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: