«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Մովսես Արիստակեսյանն Iravaban.net-ի հետ հարցազրույցի շրջանակներում պատասխանել է մասնագիտական գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն քայլերի, կատարված աշխատանքների, արդարադատության ոլորտի մոնիթորինգի արդյունքների ու այլ հարցերի։
Ստորև ներկայացնում ենք ամբողջական հարցազրույցը։
– Հարգելի պարոն Արիստակեսյան,
Վերջերս ավարտեցիք Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ եւ վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ի՞նչպիսի եզրակացությունների հանգեցիք և ի՞նչ առաջարկություններ ներկայացրեցիք ՀՀ իշխանություններին:
– Շնորհակալություն հարցազրույցի համար: Արդարադատության ոլորտում իրականացվող քաղաքականությունը չի բխում ինչպես Ոլորտում նախատեսված բարեփոխումների բազմաթիվ ռազմավարական ծրագրերի նպատակներից ու արդյունքային ցուցանիշներից, այնպես էլ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից: Այսպիսի իրավիճակի հետևանք են երկրում դատա-իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն պայքարի ներկա մարտահրավերները, որոնք արտահայտվել են 2018թ. հետո կոռուպցիայի ընկալման համաթվի հարաշարժում նվազման միտումի և համակարգային կոռուպցիայի սահմանային մակարդակից (50 միավոր) ցածր վիճակում հայտնվելու ցուցանիշներում:
Դա հետևանք է այն բանի, որ վերջին 3-4 տարիներին ոլորտին բյուջետային հատկացումների տեսակարար կշիռը ընդհանուր բյուջետային հատկացումների և ՀՆԱ մեջ անընդհատ նվազում է: Իսկ հատկացված միջոցներն էլ գերազանցապես ուղղվում են ոլորտի կառավարման, պատժիչ-հսկողական, դատավարական, հակազդման, կարողությունների զարգացման ծրագրերին: Դրան հակառակ բավարար միջոցներ չեն հատկացվում ոլորտի մասնագետների կրթության, կոռուպցիայի կանխարգելման, հանրային պաշտպանության ուղղությամբ: Ընդհանարպես ոչ մի լումա չի հատկացվում քաղաքացիական հասարակության հետ համագործակացության, նրանց կարողությունների ու հմտությունների զարգացման, իրավական կրթության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի արդյունքներով առաջարկեցինք իշխանություններին մշակել Ոլորտի կառավարման բարելավմանն ուղղված նոր ռազմավարական ծրագրեր, որոնք կբխեն ՀՀ կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորություններից ու հանձնառություններից, բյուջետային հատկացումների միջին հանրապետական աճի տեմպի համեմատ ավելի առանջացիկ տեմպերով ֆինանսավորել ոլորտը: Ընդ որում, հատկապես օպտիմալացնել Արդարադատության ոլորտի ֆինանսավորման բաշխվածությունը, ուշադրությունը բևեռելով հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման և կրթության ոլորտների ֆինանսավորման մեծացմանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
– Ի՞նչպես եք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները Հայաստանում: Ի՞նչպես է կատարվում հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարությունը:
– 2019թ. համեմատ (երբ համաթվի արժեքը 49 էր) ՀՀ-ում կոռւպցիայի ընկալման համաթիվն անընդհատ ընկել և վերջին 3 տարիներին լճացել և կազմել է 47 միավոր: Այդ ցուցանիշի գծով ՀՀ-ն անընդհատ զիջում է իր դիրքերը և այժմ գտնվում է 63-64-րդ տեղերում: Թեև իշխանություններն իրենց ռազմավարական փաստաթղթղերում կարևորել են կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հասարակության մոտ համապատասխան իրավագիտակցության ձևավորման խնդիրները, այդուհանդերձ դրան հասնելու համար բավարար բյուջետային միջոցներ չեն հատկացվել, իսկ հատկացվածներն էլ օգտագործվել են անարդյունավետ: Արդյունքում հանրապետությունում չի արմատավորվել պատշաճ վարչարարության, արդար դատաքննության և կոռուպցիայի դեմ անհանդորժողականության մթնոլորտ և հակակոռւպցիոն պայքարի մշակույթ:
Օրակարգային է մնում հակակոռուպցիոն միասնական ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրը: Ներկայում երկրում հակակոռուպցիոն պայքարը կառավարվում է ապակենտրոնացված համակարգի միջոցով: Այդ պարագայում կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ ունեն մի շարք մարմիններ: Դրա հետ մեկտեղ չունենք գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած բացթողումների, այդ թվում՝ բացասական, արդյունքների համար: Այս կապակցությամբ առաջարկել ենք քննարկել ՀՀ հակակոռուպցիոն մարմինները մեկ միասնական կառույցի շրջանակներում միավորելու անհրաժեշտությունը, որտեղ կպարպվեն գերատեսչական շահերի բախումները, կմիավորվեն գերատեսչական շահերի սպասումները և կիրականացվի միասնական նպատակային լուրջ պայքար կոռուպցիայի դեմ՝ ըստ ստանձնած միջազգային հանձնառությունների և երաշխավորությունների:
– ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հրապարակեց իրենց ստուգման արդյունքները, ըստ որի առողջապահության համակարգում լայն տարածում ունի նվիրատովությունների համակարգված մեխանիզմը: Ստուգման արդյունքներով որոշ կազմակերպությունների ղեկավարներ իրենց դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից: Ավելին, ՀՀ վարչապետը կոչ արեց այդ կազմակերպությունների ղեկավարներին՝ նվիարաբերված գումարները հետ վերադարձնել նվիրատուներին: Այս համատեքստում ի՞նչպես եք գնահատում կոռուպցիոն ռիսկերը ՀՀ առողջապահության համակարգում:
– Առողջապահության համակարգում մշտապես տարածված են եղել և այժմ էլ առկա են կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր: Դրանք հատկապես ավելի լայն տարածում ունեին 90-ական և 2000-ական թվականների 1-ին տասնամյակում: Եւ միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ ՄԱԶԾ ծրագրի, ուսումնասիրություներում Հայաստանում կոռուպցիայի ամենալայն տարածում ունեցող ոլորտներ էին նշվում առողջապահությունը, կրթությունը, ապա նոր՝ իրավապահ համակարգը: Եւ դա պատահական չէր: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առողջապահական կարիքը շատ ավելի մեծ է, քան դրա նկատմամբ վճարունակ պահանջարկը: Իսկ մատուցվող ծառայությունների իրական գինը շատ ավելի բարձր է, քան առաջարկվում է պետական ծրագրերի շրջանակներում: Երկրում չի գործում բժշկական ապահովագրության համապարփակ համակարգ, իսկ կամավոր ապահովագրության մեջ ներգրավված են միմիայն բարձր եկամուտ ունեցող անձինք: Դրա արդյունքում համակարգում ձևավորվում է առողջապահական կարիքի, վճարունակ պահանջարկի և մատչելի առջարկի լուրջ հակասություն: Եւ այդ հակասությունը տարիներ շարունակ լուծվել է մատուցված ծառայությունների իրական արժեքի փոխհատուցման տարբեր կոռուպցիոն մեխանիզմների կիրառմամբ, ինչպես օրինակ գրպանից ուղղակի վճարումները, լրացուցիչ ծառայությունների ուղեգրումները, բուժման համար դեղերի, հաճախ հանրապետությունում պետական գրանցում չունեցող, ձեռքբերումը և այլն: Այդ ռիսկերը առողջապահության համակարգում սկսեցին մարել սկսած 2019թ-ից., երբ առողջապահության համակարգի ֆինանսավորման ծավալները սկսեցին նկատելիորեն մեծանալ և ավելի առանջացիկ տեմպերով ֆինանսավորվել: Այդ ռիսկերի նվազման գործում էական նշանակություն ունեցան նաև առողջապահական կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կանխման, ֆինանսական կառավարման նոր մեխանիզմների ներդրումն ու արդյունավետ գործարկումը: Այդ մեխանիզմներից էին վճարովի ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների պարտադիր համակարգի, կամավոր նվիրատվությունների մեխանիզմի ներդրումը: Այդ հաջողությունների վառ օրինակ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կուտակած վերջին տարիների փորձը, ինչի կրողն եմ եղել ես 2022-2025 թվականների ընթացքում: Լինելով ՈՒԱԿ-ի բուժառու և ենթարկվելով եռակի վիրահատության, ես մեկ օր անգամ անհանգստություն չապրեցի իմ բուժական ծախսերը հոգալու գործում: Իմ բուժումն ընթանում էր պետական պատվերի շրջանակներում և ոչ մի լումա ոչ ոք չպահանջեց ինձանից: ՈՉ ՈՔ ՉԷՐ ՆԱՅՈՒՄ ԻՄ ԳՐՊԱՆԻՆ ՈՒ ՈՉ ՈՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՉԷՐ ԴԻՄՈՒՄ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ: Ավելին, ՈՒԱԿ ողջ անձնակազմը, սկսած ինձ վիրահատող և բուժող բժշկից մինչև սանիտարական աշխատող շատ հոգատար ու ջերմ էին իմ նկատմամբ (ի դեպ հատկապես նշեմ, որ իմ այս կարծիքը հավաքական կարծիք է ՈՒԱԿ օնկոուրոլոգիական բաժանմունքում այդ ժամանակաընթացքում բուժում ստացած անձանց բուժառուների): Հետագայում անցկացված դեղաբուժության համար վճարումը կատարում էի անկանխիկ եղանակով և ստանում համապատասխան ՀԴՄ կտրոնները, որոնք իհարկե կարող էի տրամադրել համատարած հայտարարագրման համակարգի ժամանակ սոցիալական կրեդիտ ստանալու համար, սակայն, ցավոք, այդ ծախսերը ներառված չեն այդ համակարգում: ՈՒԱԿ-ում այդպիսի մթնոլորտը էականորեն նպաստեց նաև ինձ ծանր առողջական վիճակից դուրս գալու և վտանգավոր հիվանդությունը հաղթահարելու գործում: Իսկ ինձ ի՞նչ էր մնում: Մնում էր մարդկային երախտագիտությունս հայտնել անձնակազմին և ՈՒԱԿ-ին՝ իրենց տաժանակիր և Հիպոկրատի երդմանը համապատասխան աշխատանքի համար: Եւ դա կատարեցի նվիրաբերությամբ՝ ի օգուտ ՈՒԱԿ-ի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, անձնակազմի պարգևատրման, ինչը ՀՀ օրենսդրության սահմաններում որևէ կոռուպցիոն տարր չի պարունակում: Ավելին, նվիրաբերության համակարգը ընդունված է ողջ աշխարհում՝ որպես համամարդկային մեծ արժեք, ինչը կիրառվում է նաև Հայաստանում՝ Հայաստան համահայկական հիմնադրամի, այլ հիմանդրամների ու ծրագրերի, անգամ կուսակցությունների ընտրարշավների ֆինանսավորման գործում: Այնպես, որ ես ՊՎԾ ուսումնaսիրության արդյունքների հետ բոլորովին համաձայն չեմ:
– Դուք որպես ԵՄ միջազգային փորձագետ հանրային ֆինանսների կառավարման, Առողջապահաության համաշխարհային կազմակերպության ազգային փորձագետ առողջապահության էկոնոմիկայի, դեղատնտեսագիտության հարցերով, ինչպես նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ի՞նչ առաջարկություններ կարող եք տալ իշխանություններին ընդհանրապես հակակոռուպցիոն պայքարի մեջ տեղ գտած թերությունները վերացնելու, այդ թվում՝ ՀՀ առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերը զսպելու ուղղությամբ:
– Ինչպես նշեցի վերևում, առաջին հերթին պետք է ձեռնամուխ լինել կենտրոնացված հակակոռուպցիոն համակարգի ձևավորման աշխատանքներին: Այդ գործում օգտագործել հակակոռուպցիոն Կոալիցիայի և ԻՀԱ կողմից ներկայացված տեղեկանքը, որում նկարագրված են կենտրոնացված հակակոռուպցիոն համակարգի առավելությունները, ապակենտրոնացված համակարգի թերությունները և այն համընդհանուր չափանիշները, որոնք պետք է ունենա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ անկախ ընտրված մոդելի տեսակից:
Ապա, դրա հիման վրա պետք է ձեռնամուխ լինել հետևյալ միջոցառումների իրականացմանը.
- լրամշակել 2023-2026թթ. ՀՀ հակառուպցիոն 5-րդ ռազմավարությունը, ապահովելով, որ դրանում 2025-2026թթ. Համար նխատեսված նախատեսված միջոցառումները բխեն հակոռուպցիոն պայքարի վերաբերյալ միջազգային փաստաթղթղերի նպատակադրումներից և Հայաստանի կողմից ստանձնած հանձնառություններից,
- Հարկավոր է ակտիվ աշխատանքներ կատարել հակակոռւպցիոն պայքարի համար օտարերկրյա ներդրումների ներգրավվման ու դրամաշնորհների հայթայթման ուղղությամբ,
- այդ շրջանակներում աշխատանքներ իրականացնել հակառուպցիոն պայքարին ուղղված բյուջետային և օրտաերկրյա երկրների ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու ուղղությամբ,
- օպտիմալացնել հակառուպցիոն պայքարին ուղղված միջոցների բաշխումը, ուշադրությունը բևեռելով հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման և կրթության ոլորտների ֆինանսավորման մեծացմանը:
Միաժամանակ խիստ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունների համար հակակոռուպցիոն պայքարում լուրջ գործընկեր համարվի քաղաքացիական հասարակությունը և այդ համագործակցությունը ֆինանսավորվի պետական բյուջեից: Այդ նպատակով առաջարկում ենք Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ավելացնել նոր կետ՝ ուղղված հակակռուպցիոն ռազմավարության այլընտրանքային մոնիթորինգը՝ համապատասխան ֆինանսավորմամբ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային վերապահելուն և Հայտնիր հակակռուպցիոն հարթակի ֆինանսավորմանը:
Հակակոռուպցիոն ռազմավարության լրացումների մեջ լուրջ տեղ պետք է հատկացվի նաև.
- ՀՀ օրենդրության մեջ առկա իրավական կոլիզիաների վերացմանը,
- օրինագծերի կոռուպցիոն ազդեցության գնահատման փորձաքննության մակարդակի բարձրացմանը,
- Հակակոռուպցիոն օրենսդրության և օրինագծերի ԵՄ օրենսդրությանը մոտարկմանը,
- Ազդարարիր համակարգի արդյունավետության բարձրացմանը,
- «Լոբբինգի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմաննն ու արագ կերպով ընդունմանը
- և այլն:
Առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ քայլերը.
- առողջապահության համակարգում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցների վատնման քննության շուտափույթ ավարտումն ու դրանում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը,
- համապարփակ առողջապահության համակարգի ներդրման ձգձգման պատճառների վերացումը և դրա արագ ներդրումը,
- պետական պատվերի տեղադրման օֆերտայի մեխանիզմի անկատարության վերացումը և/կամ փոխարինումը նախկինում հաջողությամբ կիրառված սահմանափակ բյուջեի ֆինանսավորման մեխանիզմով,
- մասնավոր հատվածում առողջապահական ծառայությունների, որպես սոցիալական ապրանքի, գների պետական կարգավորման սահմանումը,
- դեղաշրջանառոււթյան մեջ առկա կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին խոչընդոտող հիմնախնդիրների վերացումը
- և այլն:
Եւ վերջում, վերոհիշյալի համատեքստում առաջարկում եմ վերնայել համատարած հայտարարագրման մասին օրենսդրությունը՝ դրանով նախատեսված սոցիալական ծախսերի փոխհատուցման ծախսերը սահմանելով ընդամենը 200,000 ՀՀ դրամ, որից.
- Առողջապահական ծախսերի համար՝ 100,000 ՀՀ դրամ, որոնցում մինչև առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը կներառվեն ՀՀ-ում մահացության ցուցանիշներով առաջին եռյակում գտնվող հիվանդությունների (սրտի իշեմիկ, չարորակ նորագայացությունների, էնդոկրին համակարգի) համար կատարած ծախսերը: Առողջապահական ծախսերից հանել ատամնաբուժության համար կատարված ծախսերը, քանի որ ատամնաբուժությունը ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ հիվանդություն չի համարվում,
- Կրթական ծախսերի համար՝ 100,000 ՀՀ դրամ: