Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ գիշերվա ժամը 2-ին, Երևանի քրեական ոստիկանները մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում ձերբակալեցին 26-ամյա էջմիածնեցուն և նրա երկու համաքաղաքացիներին` 39 և 40 տարեկան տղամարդկանց: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:
26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` լցված ավելի քան 33 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Նրա մոտ կար նաև մարիխուանայի նմանվող զանգված:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 26-ամյա էջմիածինցուն մեղադրանք է ներկայացվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: