ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կետերից մեկով անդրադարձ է կատարվում երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության հանգամանքին։
Iravaban.net-ի հետ զրույցում երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանը նշեց՝ այս գործողությունների կատարման համար տարբեր գերատեսչություններ ու շահագրգիռ կողմեր են ներգրավված, որպեսզի թիրախավորված, կոնկրետ հարցերի շուրջ իրազեկում իրականացվի։
«Երբ մենք խոսում ենք երեխային իրազեկելու մասին, պետք է ոչ թե տանք այդ ինֆորմացիան իրեն, այլ նաև հասկանալի լեզվով տանք, որպեսզի ինքը լինի հասկացված, ուղղակի իրավական տերմինները բարդ ու ծավալուն են, և անգամ չափահաս մարդիկ չեն կարողանում դա հասկանալ»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար մեկ օրինակ է մատնանշում՝ լողազգեստի կանոնը, որով երեխայի ծնողները, հարազատները երեխային նախազգուշացնում են՝ երբ իրեն որևէ մեկը դիպչի, դրանից հետո պետք է իր հետ կատարվածի մասին անմիջապես հայտնի։
«Սա արդեն կանխարգելիչ գործողություն է, որովհետև երեխան, անգամ 3 տարեկան, վստահում է իր տատիկին, պապիկին կամ ծնողին, գալիս, ասում է՝ ինչ-որ մեկը փողոցում ինձ կպել է էս ինչ տեղում, արդեն նույն այդ ծնողը պետք է հասկանա՝ ինչ կանխարգելիչ գործողություններ կանի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրազկեվածության կարիք միշտ կա, քանի որ Հայաստանում անգամ մանկահասակ երեխան է դառնում սեռական հանցագործությունների տուժող, ռազմավարությամբ նշված գործողությունները պետք է կատարվեն անգամ ծամկետներից դուրս։
Խոսելով ռազմավարությամբ նշված մյուս գործողության մասին, այն է՝ սահմանել երեխաների իրավունքների խախտումների հասկացությունը և ստեղծել դրա հաշվառման ու վարման միասնական վիճակագրական համակարգ՝ սահմանելով «երեխայի իրավունքների խախտում» հասկացությունը և լիազորող նորմ՝ երեխայի իրավունքների հաշվառման և վարման միասնական վիճակագրական համակարգի վերաբերյալ, Թումասյանն ասաց․ «Միջազգայնորեն մենք չունենք ընդհանուր մոտեցում՝ ինչ է իրենից ներկայացնում երեխայի իրավունքների խախտում։ Ավելին ասեմ՝ ՀՀ-ում գործող «Երեխայի իրավունքների մասին» օրենքը վաղուց չի կիրառվում, ունի դեկլարատիվ բնույթ, չի նախատեսում գործուն մեխանիզմներ»։
Դավիթ Թումասյանի խոսքով՝ իրատեսական չէ թվարկել երեխայի իրավունքների խախտման տեսակները, և անգամ այն պետությունները, որոնք փորձ են կատարել, նրանց մոտ չի հաջողվել, ու դա ենթադրում է, որ ռազմավարական այդ գործողությունը չի իրացվելու, այլ լինելու են դրա առանձին դրսևորումները։
«Բռնության այն տեսակները, որոնք Քրեական օրենսգրքում ամրագրված չեն, դրանց մասով մենք ունենք վիճակագրության լրջագույն խնդիր՝ որտեղից է հավաքագրվելու այդ տեղեկավությունը, ովքեր են հավաքագրելու, ինչպես է կուտակվելու և ինչ վերլուծական աշխատանքներ պիտի կատարվեն դրանց հետ»,-ասաց Թումասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։