Ի՞նչ է ակնկալում «Ժողովուրդ» օրաթերթը ապատեղեկատվություն տարածելով․ «Երեմյան» ընկերությունների խմբի հայտարարությունը

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից տարածվել էր հերթական ՍՈՒՏ տեղեկությունը «Երեմյան» ընկերությունների խմբի գործունեության վերաբերյալ։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ընկերությունից։

«Ըստ հոդվածի հեղինակի` 2019թ. Դավիթ Երեմյանն իբր «հանրության ճնշումներին դեմ գնալով, իշխանության հովանավորչությունը վայելելով, սեփականաշնորհել է պետական գույք հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի մի հատվածը՝ բացելով այնտեղ գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանը»:

Սույն տեղեկությունը ճշտելու համար կարելի էր շատ կարճ և պարզ հետազոտություն իրականացնել՝ ընդամենը համացանցում փնտրել հիմք փաստաթուղթը։ Իսկ փնտրելու արդյունքում կգտնվեր ՀՀ կառավարության 12.09.2019թ. թիվ 1207-Ն որոշումը, որի համաձայն նշված տարածքը 10 տարի ժամկետով, ամսական 3.000.000 ՀՀ դրամ վարձավճարով և 356.000.000 ՀՀ դրամ ներդրումային պարտավորությամբ վարձակալական հիմունքներով տրվել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությանը։

Իսկ ինչու՞ նման հետազոտություն չի իրականացվել, կամ եթե իրականացվել է, ապա ինչու՞ չի հրապարակվել։ Պատասխանը պարզ է և ակնհայտ՝ հրապարակման արդյունքում հոդս կցնդեին տվյալ լրատվամիջոցի տարիներ տևող զրպարտանքները։

Ավելին՝ նույն հոդվածի վերջում անդրադարձ է կատարվել նաև «պետական գնումներին», որի վերաբերյալ նույն լրատվամիջոցը ոչ միայն ունի բազում հրապարակումներ, այլև պաշտոնական հարցում Ընկերությանը։ Բոլոր հարցումներին տրվել է պաշտոնական հստակ և սպառիչ պատասխան՝ հղում անելով ՀՀ օրենսդրությանը։ Բայց անհասկանալի է (ինչ որ տեսանկյունից հավանաբար նաև հասկանալի), թե ինչու՞ վերջինիս ձեռնտու չէ հիմնվել ՀՀ գործող օրենսդրության և Ընկերության օրինական գործունեության ապացույցների վրա, այլ ձեռնտու է շարունակել տարածել զրպարտական ու վիրավորական հոդվածներ և ապատեղեկատվություն։

Ընկերությունը որոշել էր չանդրադառնալ վերոգրյալ ՍՈՒՏ տեղեկություններին, սակայն այսօր նույն օրաթերթի կողմից տարածվեց հերթական ապատեղեկատվությունը՝ Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող Դիանա Աբգարի անվան զբոսայգու (ըստ հեղինակի՝ «Սիզնս» այգի) օգտագործման իրավունքը իբր Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ տրվել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությանը։ Նախ եթե տեղեկությունը լիներ իրական, օրաթերթը հավանաբար հղում կաներ տվյալ որոշմանը, որոնք, իհարկե, հրապարակվում են, մինչդեռ որոշումներ կայացնում է Երևան քաղաքի ավագանին կամ Երևանի քաղաքապետը, և ոչ Երևանի քաղաքապետարանը։ Հետևաբար որևէ նման որոշում գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ, քանի որ տվյալ տարածքը Երևանի ավագանու որոշմամբ որոշակի ժակետով վարձակալական հիմունքներով տրված է մասնավոր այլ կազմակերպության, որի մասին օրաթերթը որոշակի հիշատակում է անում հոդվածում։ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը տվյալ վարձակալի հետ կնքված պայմանագիր հիման վրա ստանձնել է այգում գործող հանրային սննդի օբյեկտների կառավարումը և այգու սպասարկումը։ Այդ պայմանագրի հիման վրա էլ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է համապատասխան գրանցում։

Ինչ վերաբերում է այգու պահպանությանը, ապա օրաթերթն ընդամենը կարող էր հարցում կատարել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությանը և ստանալ մանրամասն տեղեկություն, ինչպես արել է շատ անգամներ և ստացել սպառիչ պատասխան։ Հավանաբար նման ապատեղեկատվություն տարածելու համար ստացված պատասխանները կարող են խանգարող հանգամանք հանդիսանալ։ Այգու անվտանգության գնահատականն արդեն տարիներ շարունակ տալիս են տարածքի բնակիչները և այգու հյուրերը։ Այգին դարձել է քաղաքի ամենասիրելի և ամենաընտանեկան վայրերից մեկը, որտեղ իրականացվող հանրային մեծածավալ միջոցառումները, նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվության ծրագրերը սպասված և սիրված են բոլորի կողմից։

Օրաթեթրին հորդորում ենք սպառիչ և հստակ տեղեկություն ստանալու համար նախ դիմել մեզ, ապա նոր հանրությանն ապակողմնորոշելու ապարդյուն փորձեր կատարել»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել