Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի 2024 թվականի տարեկան նիստը

Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, իրավաբան Մարիանա Ավագյանը։

Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։

Իր խոսքում Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող խորհրդի դերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական մարմինների արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը անդրադարձել է իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին։

Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարների, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։

Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար դատաքննության, առողջության պահմանման, կրթության իրավունքի երաշխավորման և մի շարք այլ ուղղություններով։ Արդարադատության նախարարության կողմից անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում մշակված իրավական ակտերի նախագծերին և դրանց կարգավիճակին, իրականացված իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներին, մշակված ուղեցուցային փաստաթղթերին։

Կատարողականի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիտարկումների և առաջարկների ներկայացման փուլը։ Քննարկումների արդյունքներով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։

Նիստի ընթացքում յուրաքանչյուր գերատեսչություն անդրադարձել է նաև 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա գործողություններին, դրանց ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին և իրականացման հնարավոր խոչընդոտներին։ 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդլայնված ձևաչափով քննարկման կազմակերպման և համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հիմնական հարցերը, որոնք ի թիվս այլնի, առնչվում էին բոլոր գործընթացներում մասնակցայնության ապահոմվմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների հասցեագրման համատեքստում։

Համակարգող խորհրդի նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել