Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավան քաղաքում հրդեհ է բռնկվել։
Լոռու մարզպետի աշխատակազմից հաղորդում են, որ փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:
«Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ: Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։
Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար: Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո»,-նշված է հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև: