Ինչպե՞ս է տրամադրվում քաղաքական ապաստանը

Նախ նշենք, որ քաղաքական ապաստանը օրենքով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրված Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կացություն է, որը նպատակ ունի այդպիսի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանել այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում, և որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան Հայաստանի Հանրապետությունում ապաստան չտրամադրվեր:

Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ:

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն օտարերկրյա քաղաքացու դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է Միգրացիոն պետական ծառայություն:

Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո Միգրացիոն պետական ծառայությունը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի և դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Առաջարկությունը կազմվում է դիմումի կապակցությամբ գործում առկա հանգամանքների շարադրման սկզբունքով` առանձին մատնանշելով դիմումը բավարարելու և մերժելու` օրենքով նախատեսված հիմքերը:

Դիմումի հիման վրա Միգրացիոն պետական ծառայությունը կազմում է անձնական գործ:

Դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու Միգրացիոն պետական ծառայությունում բացված գործը կազմելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել