2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:
Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:
ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: