Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի

Մարզերից Երևան եկող ավտոբուսների կայանման վերջնակետ պետք է սահմանվեն ավտոկայարանները, նշված ավտոբուսների մուտքը մայրաքաղաք կսահմանափակվի։

Այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Մեզ հայտնեցին, որ Կառավարության որոշմամբ՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, և երթակարգավարական կետերից, ինչը ենթադրում է, որ մարզերից դեպի Երևան շահագործվող միջմարզային երթուղիների աշխատանքը պետք է ավարտվի ավտոկայաններում` չմտնելով Երևանի վարչական տարածք և չծանրաբեռնելով մայրաքաղաքի երթևեկությունը:

«Հարկ է նշել, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը մշակած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից 2019թ. ներկայացված հաշվետվությամբ նախատեսվել են Երևանի ներհամայնքային երթուղիներ, որոնք հասնելու են ավտոկայարաններ և սպասարկելու են մարզերից մայրաքաղաք ժամանող քաղաքացիներին»,-պարզաբանում է քաղաքապետարանը։

Նշենք, որ WYG-ը բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է մի շարք ծառայություններ տարբեր ոլորտներում՝ ներառյալ ճարտարագիտական, բնապահպանական և կառավարման խորհրդատվություն:

Ընկերությունը կենտրոնացած է համալիր նախագծերի լուծումներ տրամադրելու վրա, որոնք հաճախ ներառում են ենթակառուցվածքներ, շինարարություն և զարգացում:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել