Վարորդների սոցիալական բեռը կթեթևանա․ ԱԺ նախագահը, փոխնախագահը և ևս մեկ պատգամավոր նախագիծ են ներկայացրել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախատեսվում է փոփոխել վարորդների նկատմամբ կիրառվող տուգանային միավորները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:

Հիմնավորման մեջ նշվում է, որ շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը և քաղաքացիների արդարացի դժգոհությանը։

«Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների վերաբերյալ գրության համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ:

Չնայած այն հանգամանքին, որ վարչական իրավախախտումների համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն, «տուգանային միավոր»-ի ձևով, այնուամենայնիվ վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո վարորդները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։ Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն համարժեք չեն դրանց հանրային վնասակարությանը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Ասվում է, որ նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում՝ թեթևացնելու վարորդների սոցիալական բեռը:

Նախատեսվում է նաև որոշ այնպիսի իրավախախտումների համար տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով և որոնց կատարումը ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ (օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը և այլն)։

Տրամադրվող տուգանային միավորների ավելացման պայմաններում համաչափորեն հակակշռվում և չեզոքացվում են խախտումների հնարավոր ավելացման քրեաբանական ռիսկերը։

Նախագծով ընդգծվում է սոցիալական և մարգինալ շարժառիթներով բնութագրվող երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ պետության տարբերակված և համաչափ մոտեցումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել