Ինչպե՞ս ներկայացնել հայցադիմումի պատասխան վարչական դատավարությունում

Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն։

Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։

Ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։

Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի`
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։

Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4) պատասխանին կցվող ապացույցների ցանկը։

Պատասխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։

Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։

Պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։

Նշենք, որ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել