Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը համակարգում 12 տարվա ծառայող է։
90 մեդալ, 150 պատվոգիր․ Հայաստանի դրոշը միջազգային տարբեր հարթակներում բարձրացրած մարզուհին ապագա ծառայողներին, ինչպես նաև մարզիկներին խորհուրդ է տալիս առանց տատանվելու գնալ նպատակներին ընդառաջ։
2013 թվականն էր, երբ Ժաննան իմացավ, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը ծառայողներ են անհրաժեշտ: Դիմեց` առանց վարանելու։
Շահնազարյանը նշում է, որ միշտ ցանկացել է ծառայել ոստիկանությունում, ընդունելության վերջին օրն է իմացել հայտարարության մասին, բոլոր չափանիշներով համապատասխանել է և ընդունվել։
Ժաննան նշում է, որ և մարզիկը և ոստիկանության ծառայողը պետք է լինեն բարձր կամային հատկանիշներով օժտված` ուժեղ հոգեպես և ֆիզիկապես։
Ասում է` առաջինը լինելու ձգտումը մարդկային տեսակ է, պետք է պայքարես, հակառակ դեպքում ոչ սպորտում հաջողության կհասնես, ոչ էլ ծառայության մեջ։
Մարզվում է երեկոյան ժամերին, ծառայությունից հետո: Իսկ ղեկավարների մասին գոհունակությամբ նշում է, որ միշտ էլ սատարել են իրեն` հնարավորություն տալով մասնակցելու միջազգային մրցումների, թիմային և անհատական մրցաշարերի։
Ժաննա Շահնազարյանը սպորտում ուժային եռամարտի աշխարհի 8-ակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և եռակի ռեկորդակիր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն:
Ծառայությունն էլ նման է սպորտի` նվիրված ծառայողը պետք է ձգտի բարձրագույն գեներալի կոչման։
Ժաննան ընկերներ ունի և սպորտում, և ծառայության մեջ, ընկերներ, որոնց վրա ինքը կարող է հույս դնել, ինչպես նրանք` իր վրա: Սակայն վստահ է, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ անցնի իր ճանապարհը՝ որքան էլ դժվար լինի և փորձություններով լի։
Ժաննայի խոսքով՝ ինչպես սպորտում, այնպես էլ պետությանը ծառայելիս պետք է անմնացորդ նվիրվես` առանց գնահատականի ակնկալիքի: Իսկ եթե ճանապարհդ ճիշտ է` գնահատականը, միևնույն է, վաղ թե ուշ կլինի։