Դեկտեմբերի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում, ժամը 17:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ Այն է՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։