Երևանից մեկնած բնապահպանները փորձում են խոչընդոտել նոր հանքերի ձևավորմանն այն դեպքում, երբ տեղական շատ համայնքներ աջակցում են նման գաղափարներին․ Ներսես Կարամանուկյան

Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և հարկերի մասով հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա 1000 խոշոր հարկատուների շարքում առաջին պատվավոր տեղը զբաղեցնում է  մեր ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը՝ ԶՊՄԿ-ն։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։

«Ցավոք սրտի, մեր տնտեսության գերակա մասը կենտրոնացված է Երևանում և նրա հարևանությամբ գտնվող փոքր քաղաքներում, և մարզերում տնտեսությունը, հատկապես արդյունաբերություն շատ զարգացած չէ, իսկ հանքարդյունաբերությունը ստեղծում է որակյալ աշխատատեղեր նաև մեր տարբեր մարզերում։

Համաձայն հրապարակված տվյալների՝ ԶՊՄԿ-ն 9 ամսվա ընթացքում 215,6 միլիոն դոլար հարկ է վճարել, իսկ իրենից հետո ամենամեծ հարկ վճարողինը կազմել է 126 միլիոն դոլար»,-նշում է նա։

Ներսես Կարամանուկյանը հիշեցնում է՝ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներքին համախառն արդյունքի 5-7 %-ն է, բայց հարկերի մասով շատ ավելի մեծ տոկոս է կազմում՝ 10-12 %-ի չափով։ 

Բացի ԶՊՄԿ-ից, Սյունիքի մարզում են գտնվում ևս 2 խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններ․ «3 կոմբինատներում բարձր աշխատավարձ ստացող բնակչություն է գոյանում, որովհետև այդ ձեռնարկությունները բավական բարձր աշխատավարձեր են վճարում՝ հարակից ստեղծելով այլ՝ միջին և փոքր ձեռնարկություններ, որոնք տարբեր տեսակի ծառայություններ են մատուցում այդ լեռնամետալուրգիական կամ լեռնահանքային ընկերություններին, մատակարարում տարբեր ապրանքներ՝ սկսած սննդից, բանվորական հագուստից, նաև տարբեր այլ ծառայություններ»։

Սյունիքի մարզում, եթե համեմատելու լինենք, բնակչության բարեկեցության աստիճանը շատ ավելի բարձր է, քան այլ մարզերում, նույնիսկ՝ հարևան Վայոց ձորում։ 

Երևանից մեկնած բնապահպանները փորձում են խոչընդոտել նոր հանքերի ձևավորմանը, նոր ձեռնարկատիրությունների ստեղծմանն այն դեպքում, երբ տեղական շատ համայնքներ, զգալով, որ այդ ձեռնարկությունը ապագայում կարող է նպաստել իրենց համայնքների զարգացմանը, աջակցում են նման գաղափարներին։

«Սա այն դեպքում, երբ երևանյան թիթեռ բռնող որոշ հանրային գործիչներ մեկնում են մարզեր՝ փորձելով մարզի կամ այն համայնքների բնակչությանը, որոնք գտնվում են հարակից, ապագա հանքարդյունաբերող ձեռնարկություններում, համոզել, որ թույլ չտան նման ձեռնարկության կառուցումը տվյալ համայնքում կամ մարզում»,-ասաց նա։

Հանքարդյունաբերության արտադրանքը գրեթե 100 %-ով արտահանվում է, վաճառվում արտարժույթով, ու Հայաստանի արտարժույթների աղբյուրներից հիմնականն է։ Արտահանումների մեծ մասը հանքարդյունաբերության կողմից վաճառվող հանքահումքային ապրանքներն են։

Մասնագետն ընդգծում է՝ այսօր զարգացած շատ երկրներում է ծաղկում հանքարդյունաբերությունը․ «Սկանդինավյան շատ երկրներում պետության օժանդակությամբ զարգանում է մետաղական հանքարդյունաբերությունը։ Ամենաորակյալ պողպատի արտադրությունը ֆիննականն է, դրանից հետո որակի իմաստով երկրորդ տեղում շվեդական պողպատն է, Նորվեգիան հայտնի է աշխարհում որպես գազ և նավթ արտահանող երկիր»։

Մեր պետությունն արդյո՞ք ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգացմանը

«Այո՛ դարձնում է, բայց հանքարդյունաբերությունը չի ներառել գերակա զարգացման ճյուղերի մեջ, այլ ոլորտներ արդեն ներառված են՝ IT ոլորտը, տուրիզմը, գիտատար այլ ոլորտներ, նույնիսկ դեղագործությունը, բայց հանքարդյունաբերությունը գերակա չի համարվում։ Մենք ունենք նոր հանքավայրերի պակաս, նաև ուսումնասիրությունների պակաս՝ նոր հանքավայրերի հայտնաբերման իմաստով»։

Մասնագետը նշում է, որ այժմ նաև մեծ է երիտասարդ երկրաբանների պակասը, մեր երկրում շատ մեծ պոտենցիալ կա նոր երկրաբանահետախուզական աշխատանքների շնորհիվ նոր հանքավայրեր հայտնաբերելու համար, այդ թվում՝ նավթի ու գազի որոնման աշխատանքներում․ «Ամուլսարի լեռնագագաթը ՀՀ անկախությունից հետո միակ խորը հանքահետախուզական աշխատանքների արդյունքում առկա հանքավայրն էր․ ընկերությունը, որ ռիսկի է դիմել և ներդրել է հսկայածավալ, տասնյակ միլիոնավոր դոլարների միջոցներ միայն հանքահետախուզական աշխատանքների մեջ, որպեսզի հայտնաբերվի, ապացուցվի, գնահատվի, միջազգային բոլոր չափանիշներով հաստատվի Ամուլսարի ոսկու պաշարների չափը»։

Այսպիսով, հանքարդյունաբերություն իրականացվում է ավելի քան 100 երկրում, ներառյալ՝ Մեծ ութնյակի առաջատար մի քանի երկիր: Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը հրապարակել է հանքանյութի արտադրության ծավալներով առաջատար 20 երկրների ցանկը, ներառյալ Մեծ քսանյակի անդամ Ավստրալիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան և այլ զարգացած տնտեսություններով երկրներ:

Հանքարդյունաբերություն իրականացվում է, օրինակ, Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում կամ Չեխիայում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել