Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ավարտին հասցնեն դրա տեքստի վրա աշխատանքը։
«Մենք դրական ենք գնահատում տեքստում մնացած որոշ բաց հարցերի շուրջ համաձայնության հասնելու հեռանկարները։ Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ վերացնի իր պահանջներն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ։ Այսօր, իսկապես, շատ լավ հնարավորություններ կան համաձայնության գալու, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»,- հայտարարել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։