Ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծշառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով բնակարան ապօրինի մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու, ապօրինաբար, առանց հափշտակելու նպատակի՝ ավտոմեքենային տիրանալու, երկու անձանց բացահայտ առևանգելու, որոնցից մեկը՝ անչափահաս, սեքսուալ բնույթի բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու դեպքերով ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դիմակավորված կոտրել է Ք. Բ.-ին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, դանակի և խաղալիք ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր՝ անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցը Ք. Բ.-ին պատկանող ավտոմեքենայով առևանգել է նրանց, տեղափոխել ամայի տարածք, որտեղ Ք. Բ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն և բռնաբարել նրան:
Մեղադրյալ Էդգար Վարագյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել