Արդարադատության միջազգային դատարանը (Հաագայի դատարան) հրապարակում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով նախնական առարկությունների վերաբերյալ վճիռները։
Ավելի վաղ դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի 2 առարկությունների վերաբերյալ վճիռները և մերժել դրանք։
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը 3 առարկություն է ներկայացրել։
Դատարանը եզրահանգել է, որ ժամանակային իրավազորություն չունի Ադրբեջանի գանգատը դիտարկելու ենթադրյալ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1991 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը, երբ Ադրբեջանը միացել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային (ՀՀ-ն կոնվենցիային միացել է 1993-ին): Հայաստանի առաջին նախնական առարկությունը բավարարվեց։
ՀՀ-ի 2-րդ առարկությունը Ադրբեջանի գանգատը քննելու առարկայական իրավազորությանն է վերաբերում՝ ականների տեղադրման մասով։ Այն մերժվեց։
Հայաստանն իր 3-րդ նախնական առարկությամբ պնդում է, որ դատարանը չունի առարկայական իրավազորություն Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի տիրույթում բնապահպանական տեսանկյունից Ադրբեջանի բողոքները դիտարկելու։
Դատարանը նշեց՝ բավարարում է Հայաստանի ներկայացրած 3-րդ առարկությունը։ 14/3 ձայների հարաբերակցությամբ բավարարվեց Հայաստանի ներկայացրած առաջին առարկությունը, 2-րդը մերժվեց 16/1 ձայների հարաբերակցությամբ, 12/5 ձայների հարաբերակցությամբ բավարարեց ՀՀ-ի ներկայացրած 3-րդ առարկությունը։
Հիշեցնենք՝ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ 2023թ. ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է Դատարանի իրավազորության վերաբերյալ իր նախնական առարկությունները, ինչի արդյունքում Դատարանի կանոնների համաձայն գործի ըստ էության քննությունը կասեցվել է մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի վճռի կայացումը։
2023թ. օգոստոսի 21-ին՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետում, Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ 2024թ. ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը: