Արդարադատության միջազգային դատարանը մերժեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի նախնական առարկությունները

Արդարադատության միջազգային դատարանը (Հաագայի դատարան) հրապարակում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով նախնական առարկությունների վերաբերյալ վճիռները։

Դատարանը գտել է, որ Հայաստանը իրական ջանք է գործադրել Ադրբեջանի հետ քննարկման մեջ մտնելու համար՝ նպատակ ունենալով լուծել վեճը։

«Ավելին, դատարանը գտնում է, որ այս բանակցությունները դարձել են անպտուղ այն պահի դրությամբ, երբ Հայաստանը իր դիմումն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարանին։ Դատարանը համարում է, որ բանակցելու իրական փորձի ապացույցները հիմնավորելու համար պարտադիր չէ, որ վեճի մասնակիցները փաստացի հասած լինեն համաձայնության։ Նախկին գործերով դատարանը գտել է, որ բանակցելու նախապայմանը բավարարված է, եթե կողմերի հիմնական դիրքորոշումները տեղից չեն շարժվել դիվանագիտական հանդիպումների և նամակագրություններից հետո։ Դատարանը գտնում է, որ բանակցությունները դարձել են ապարդյուն, անպտուղ, քանի որ իրատեսական հնարավորություն չի եղել այդ փուլում հաշտության հասնելու կողմերի մեջ առկա վեճի շուրջ։ Այս պատճառներով դատարանը եզրակացնում է, որ բանակցելու նախապայմանը բավարարված է»,-նշեց դատավորը և մերժեց Ադրբեջանի կողմից ներկայացված առաջին նախնական առարկությունը։

Քննության է առնվել նաև Ադրբեջանի 2-րդ նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի առարկայական իրավազորությանը։ Դատարանը գտել է, որ սպանության, խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի գործողությունները, կամայական ազատազրկումը և հարկադիր անհետացման գործողությունները, որոնք կատարվել են տուժողների ազգային, էթնիկ ծագման հիմքով, կարող են համարվել Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների խախտումներ՝ անգամ զինված հակամարտության ժամանակ։

Ադրբեջանի 2-րդ նախնական առարկությունը ևս մերժվեց։

«Ուստի դատարանը 16/1 ձայների հարաբերակցությամբ մերժում է Ադրբեջանի Հանրապետության առաջին նախնական առարկությունը, 15/2  ձայների հարաբերակցությամբ մերժում է Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունը։ Դատարանը 15/2 ձայների հարաբերակցությամբ որոշում, որ իրավազորություն ունի քննելու Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատը»,-նշեց դատավորը։

Այնուհետև դատարանը կանդրադառնա Հայաստանի ներկայացրած առարկություններին։

Հիշեցնենք՝ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ 2023թ. ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է Դատարանի իրավազորության վերաբերյալ իր նախնական առարկությունները, ինչի արդյունքում Դատարանի կանոնների համաձայն գործի ըստ էության քննությունը կասեցվել է մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի վճռի կայացումը։

2023թ. օգոստոսի 21-ին՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետում, Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ 2024թ. ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել