Հասարակության 29 տոկոսը դեմ է նոր ավտոկայանատեղիներին

Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարկել է «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով բնակիչները գնահատել են 2013 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ 

Դեկտեմբերի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 50 տոկոսը գնահատել է դրական, լիովին դրական՝ 16 տոկոսը։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 12 տոկոսը, 6-ը՝ ընդհանրապես բացասական։ 

Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013թ. ընթացքում  իրականացված ծրագրերից ու փոփոխություններից երևանցիների մեծամասնությունը՝ 45 տոկոսը առանձնացրել է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգումը, 23 տոկոսը՝ այգիների բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը։ 

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն ու ասֆալտապատումը ևս համապատասխանաբար 18, 13 և 10 տոկոսով մայրաքաղաքի բնակիչները որպես կարևոր և դրական փոփոխություն են արձանագրել։ Հարցվածների 6-տոկոսը այլ ոլորտների աշխատանքներ է նշել, ևս 6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Հարցին, թե ինչ ծրագրեր ու ﬕջոցառուﬓեր կցանկանային,  որպեսզի իրականացվեին Երևանում, քաղաքացիների 45 տոկոսը նշել է կանաչ տարածքների ավելացումը։ Խաղահրապարակների կառուցումն ու շաբաթօրյակների անցկացումը երկրորդ և երրորդ տեղերում են՝ 23 և 18 տոկոս հարաբերակցությամբ։ Մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը նույնպես ընդգրկվել է հարցման պատասխաններում։ 
Գնահատվել են նաև բնակիչների անվտանգության, մաքրության պահպանման, կանաչապատման, քաղաքային տրանսպորտի և մշակութային կյանքի բաղադրիչները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հարցմամբ անդրադարձ է եղել նաև կարմիր գծանշաներով ավտոկայանատեղիների վճարների հետ կապված նոր համակարգի ներդրմանը, որը հարցվածների 29 տոկոսը ընդհանրապես  բացասական  է գնահատել, 22 տոկոսը՝ ավելի շատ դրական։

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի խոսքով՝ թեև հարցման արդյունքները մեծամասամբ դրական են, այնուամենայնիվ,  հետազոտությունը հնարավորություն կտա հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնել ոլորտային այն ուղղություններին, որոնք  համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել։ 

«Այն հիմնական ոլորտային առաջարկները, որոնք մեր համաքաղաքացիները մատնանշել էին, դրանք արդեն իսկ ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում։ Այս համընկնումը պատահական չէ, քանի որ մենք ևս մշտապես փորձում են մեր ծրագրերում ներառել և իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք առաջին հերթին կարևոր են և սպասված բնակիչների համար»,- նշել է Վահե Նիկոյանը։

 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել