Այս գործողությունները քաղաքական պատվերներ են. Հովհաննես Ավետիսյան

Հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ուղերձ է հղել Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:

Հիշեցնենք, որ նա 2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել էր։ Խուզարկություններով (մեքենա և բնակարան) իր մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:

Դիմելով ՆԳՆ ոստիկանությանը նա ասաց․ «Ոչ մի պարագայում Հայաստանի ոստիկանությունը չի հանդիսանում իմ կողմից ծավալած գործողությունների, այդ թվում՝ այս ուղերձի թիրախը, և առավել ևս՝ իմ կողմից չի դիտարկվում և երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ:

Այս գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում: Իշխանություն, որ ոստիկանական համակարգն օգտագործում է ոչ թե՝ անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացու կյանքը և սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը` ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և Հայաստանում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակներով»:

 Հովհաննես Ավետիսյանը դիմեց նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին․ «Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:

Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով»:

Վերջում նա դիմեց Հայաստանի երիտասարդներին՝ հորդորելով շարունակել իրենց անհնազանդության ակցիաները, սակայն որևէ կերպ դա չանել բռնության կոչերով։

Ավելի վաղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հասարակական գործիչ, միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյանի անհիմն ձերբակալման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել