Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքներից երրորդ` ենթադրյալ կաշառքի դրվագին։
Վահագն Վերմիշյանը Գագիկ Գալստյանի հեռախոսազրույցների ժամանակ վերջինից և Վազգեն Պողոսյանից պահանջել է ընդհանուր 899.600 ՀՀ դրամ արժողությամբ եվրոպատուհաններ և 204.000 ՀՀ դրամ արժողությամբ եվրոդռներ, իսկ հետագայում՝ նաև շուրջ 8 խմ մակերեսով, 190.648 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանյութական արժեքներ հանդիսացող բետոնի մատակարարում, որը կատարվել է Մուշեղ Ավետիսյանի կողմից։
Նախագահող դատավորն ասաց՝ այս դրվագով գումարը կազմում է 899 հազար, իսկ մյուս դրվագով (կեղծիքի մասով)՝ 820 հազար դրամ, հարցրեց, թե խոսքը նույն դուռ-պատուհանների մասին է, Կոչուբաևը պատասխանեց՝ «Վահագն Վերմիշյանին բախտ չի վիճակվել այդ գումարը վճարել, քանի որ ձերբակալվել է, այդ հարցի պատասխանն անկեղծ ես չունեմ»։
Պաշտպանը նշում է, որ Վերաքննիչ բողոքում և առարկությունների մեջ «կարմիր թելով» անցնում է, որ այս գումարները ևս որպես կաշառք են ստացվել․ «Գործի քննության ընթացքում առաջին ատյանում ներկայացվել են և Գագիկ Գալստյանի ղեկավարած Հորիզոն 95-ի և Վազգեն Պողոսյանի ղեկավարած ՍՊ-ի տնտեսական ներուժն արտացոլող փաստաթղթեր, ըստ որոնց առնվազն էս ընկերությունները պատվերների խնդիրներ չեն ունեցել։ Երկրորդ տվյալն այն է՝ արդյո՞ք Քաղաքաշինության կոմիտեն ունի պետական պատվեր ,արդյոք՞ մեղադրանքի կողմը ճիշտ է ընկալել էս գերատեսչության էությունը, այ զբաղվում է բացառապես նախագծային աշխատանքներով, և գլոբալ իմաստով շինարարություն կատարող չէ»։
Կոչուբաևի խոսքով՝ ըստ ՕՀՄ-ի, Վերմիշյանը զանգահարում է, ասում, որ անհրաժեշտ է բետոն՝ պարտադիր գումարով․ «Եթե մի կողմից էս երկու ընկերությունների ղեկավարներն ակնկալում էին տենդեր, որը չունի, և վստահ եմ՝ իրենք որպես ոլորտի գիգանտ կազմակերպությունների ներկայացուցիչներ, շատ լավ գիտեն՝ Քաղաքաշինության կոմիտեն չունի տենդեր, մյուս կողմից դերակատար Վահագն Վերմիշյանը, եթե ինչ-որ մի բան պատվիրում է, ասում է՝ պարտադիր գումարով, ո՞րն է այստեղ կաշառքը հիմնավորող փաստական տվյալը»։
Պաշտպանն ընդգծեց, որ Պողոսյանի և Գալստյանի խոսակցությունը որևէ ձևով չի կարող հիմնավորել Վահագն Վերմիշյանի մոտ կաշառք ստանալու դիտավորությունը։
Գործով ենթադրյալ կաշառքի դրվագի հակիրճ ամփոփում.
Պաշտպանության կողմի հիմնական փաստարկները՝
1․ Առանցքային հակափաստարկ.
- եթե Վերմիշյանը պատվիրել է ծառայություններ պարտադիր գումարով (վճարովի), ապա տրամաբանորեն չի կարող խոսք լինել կաշառքի մասին,
- օրինական գործարքը չի կարող միաժամանակ կաշառք համարվել։
2․ Գործարքների բնույթը.
- Խոսքը վճարովի ծառայությունների մասին է (դռներ, պատուհաններ, բետոն),
- Բոլոր պատվերները եղել են հստակ գնային պայմաններով:
3․ Ապացույցների բացակայություն
- Պողոսյանի և Գալստյանի խոսակցությունները չեն կարող հիմնավորել Վերմիշյանի մոտ կաշառք ստանալու դիտավորությունը,
- ընկերությունները չունեին տենդերների կարիք՝ ունենալով կայուն շուկայական դիրք (այս պնդումը հաստատվում է Հորիզոն ՍՊԸ-ի տնտեսական հզորության վերաբերյալ փաստաբան Արմեն Ֆերոյանի ներկայացրած փաստաթղթերով)։
4․ Իրավական անհիմն մեղադրանք
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեն զբաղվում է միայն նախագծային աշխատանքներով և չունի տենդերներ տրամադրելու լիազորություն,
- բացակայում է կաշառքի հանցակազմի հիմնական տարրը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, այն է կաշառքի դիմաց ենթադրյալ հակառակ ծառայության մատուցումը ։
Եզրահանգում՝
Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքը հիմնավորված չէ, քանի որ բացակայում են կաշառքի հանցակազմի հիմնական տարրերը, պաշտպանական կողմի առանցքային փաստարկը տրամաբանական է և պարզ՝ վճարովի ծառայության պատվերը չի կարող միաժամանակ կաշառք համարվել: Սա, զուգակցված Քաղաքաշինության կոմիտեի սահմանափակ լիազորությունների և ապացույցների բացակայության հետ, հիմնավոր կասկածի տակ է դնում մեղադրանքի այս դրվագը:
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։