Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի չարտոնված հատվածում։ Լոկոմոտիվային բրիգադի կողմից ձեռնարկվել են բախումից խուսափելու բոլոր փորձերը, սակայն բեռնատար գնացքը չի հաջողվել շտապ կանգնեցնել: Քաղաքացին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է, հայտնում են ՀԿԵ-ից։
Ընկերությունից նշում են, որ այս վայրում երկաթուղային ճանապարհի երթևեկելի հատվածում կառուցվել է բնակելի տան այգու պարսպապատ, ինչը շինարարական նորմերի անթույլատրելի խախտում է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ցավակցում է մահացածի հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել երկաթուղային ենթակառուցվածքի թույլատրելի հատվածներում հատման կանոնները և ընդգծում է գծերի վրա քաղաքացիների գտնվելու անթույլատրելիությունը։