Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ, տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել