Քաղաքացի պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով:
Բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայր նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով:
Վերը նշված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի բնակության` վերջին հայտնի վայրի հասցեով:
Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:
Իրավաբանական անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով:
Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրանց պաշտոնական հասցեով:
Եթե հայցադիմումը պատասխանողը չի ստացել վերը նշված միջոցներով ուղարկվելու միջոցով, ապա հայցվորի միջնորդությամբ դատարանը հայցադիմումն ուղարկում է պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարին: Միևնույն ժամանակ հայցադիմումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: