ՀԴՄ կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնին չփոխանցելու կամ սխալ փոխանցելու համար տուգանք կնշանակվի․ նոր նախագիծ

ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Առաջարկվում է օրենսգրքով սահմանել պատասխանատվություն՝ հարկ վճարողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ ՀԴՄ-ի տեղեկատվական կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ սխալ տվյալներ փոխանցելու համար։

Նախագծում սահմանվող տուգանքի չափի վերաբերյալ նշվում է հետևյալը․

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1706-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ պարբերություններ.

«Հարկ վճարողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը կամ սխալ տվյալներ փոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող չորրորդ ամսվա 1-ից:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որով նախատեսվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ ՀԴՄ կտրոնի տպագրման միջոցով, իսկ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի տպագրման միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել