Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:
Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:
Որպես վկա կանչված անձի ծանուցագրում պետք է նշվեն նրա ներկայանալու վայրը, ժամանակը և այն գործը, որի կապակցությամբ նա պետք է հարցաքննվի, ինչպես նաև չներկայանալու հետևանքները:
Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:
Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: