Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել հանձնարարողի ցուցումներին համապատասխան: Հանձնարարողի ցուցումները պետք է լինեն օրինաչափ, իրականացվող և որոշակի:
Հանձնակատարն իրավունք ունի շեղվել հանձնարարողի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ հանձնարարողի, և հանձնակատարը չի կարողացել նախապես հարցում անել հանձնարարողին կամ ողջամիտ ժամկետում չի ստացել իր հարցման պատասխանը: Հանձնակատարը պարտավոր է թույլ տված շեղումների մասին ծանուցել հանձնարարողին, երբ նման ծանուցումը դառնում է հնարավոր:
Հանձնարարողը որպես առևտրային ներկայացուցիչ գործող հանձնակատարին կարող է իրավունք վերապահել` առանց նախնական հարցման շեղվելու իր ցուցումներից: Այդ դեպքում առևտրային ներկայացուցիչը պարտավոր է կատարված շեղումների մասին ողջամիտ ժամկետում ծանուցել հանձնարարողին, եթե այլ բան նախատեսված չէ հանձնարարության պայմանագրով: