Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ:

Մասնավորապես, օրենքը լրացվում է նոր հոդվածով, ըստ որի՝ գրադարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային եւ հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ:

Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում եւ վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում եւ այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո եւ տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում եւ այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել