Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քննվեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Միջնորդությունը ներակայցվել է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի կողմից։
Նիստի ընթացքում կարգապահական վարույթ հարուցելու պատճառների ներկայացման, կողմերի հարցուպատասխանի փուլից հետո դատավոր Վահե Միսակյանի ներկայացուցիչները խնդրեցին լրացուցիչ ժամանակ տրամադրել, քանի որ ներկայացվեցին մի քանի հանգամանքներ, որոնց շուրջ իրենք վստահություն ունեն, որ պետք է կասկածները փարատվեն․ «Հնարավոր է հանդես գանք միջնորդությամբ՝ լրացուցիչ նյութեր ընդունելու խնդրանքով, ամեն դեպքում, մեզ նախապատրաստվելու համար պետք է լինելու ժամանակ, կխնդրեինք նաև հաշվի առնել, որ վաղն եմ ես աշխատում, մյուս օրը գործուղման եմ, մինչև ամսի 27-ը հետաձգել, ժամանակ տրամադրել»։
Արա Ղազարյանն ասաց՝ պետք է հաշվի առնել, որ սա իրենց միակ հնարավորությունն է՝ նոր հանգամանքների վերաբերյալ հարցումներ կատարելու, ավելի խորությամբ քննելու համար։ Վահե Միսակյանը ևս միացավ իր ներկայացուցիչներին՝ ասելով, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտություն կա։
Կարեն Անդրեասյանը ներկայացուցիչների նշած հանգամանքների վերաբերյալ ընդգծեց հետևյալը․ «Փաստաբանների թռիչքները, արձակուրդները, կողմերի անձնական, ոչ ծայրահեղ առողջական խնդիրներով պայմանավորված՝ բարձր դատարաններում այդքան էլ պատշաճ չենք համարել որպես հիմնավորում ընդունել, սա ուղղակի ընդհանուր դիտարկում։
Մի քանի հանգամանք նշվեց․ խնդրում եմ հստակեցրեք, որպեսզի խորհուրդը, երբ գնա խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու, մենք կարողանանք ավելի համապարփակ պատասխանել ձեր միջնորդությանը»։
Անդրեասյանն ասաց՝ պետք է հստակություն մտցնել հատկապես երրորդ՝ նյութերի կարիք ունենալու վերաբերյալ միջնորդության մասով։ Հարցրեց՝ ի՞նչ նյութերի մասին է խոսքը, ինչքա՞ն ժամանակ է պետք և ի՞նչ են փորձելու հայթայթել։ Արսեն Սարդարյանը պատասխանեց՝ ուսումնասիրություն պետք է կատարվի նիստերի նախապես նշանակված լինելու, նիստերի վերաբերյալ տեղեկությունների լրացման և այլ հարցերի վերաբերյալ։
Նաև նշեց, որ ՔԿՀ հարցում պետք է կատարվի 2023 թվականի հոկտեմբերի 6-ին նշված քրեական գործով կալանավորի ներկայության ապահովման վերաբերյալ գրությունը նախապես ուղարկելու տեղեկության ստացման համար, նշեց, որ անհրաժեշտ են նաև ծանուցումները, հեռախոսազանգերի արձանագրությունները։ Ներկայացուցիչներն ասացին՝ այս տեղեկությունները վերաբերում են հենց այն 6 դրվագներին, որոնց վերաբերյալ ներկայացվել է փաստական հանգամանք, և նշված տեղեկությունները կարող են էական նշանակություն ունենալ վարույթի համար։
Կարեն Անդրեասյանը դատավորին հարցրեց՝ կարո՞ղ է հիշել՝ 3 տարի 4 ամիս տևած դատավարության ընթացքում կայացած 4 նիստերով քանի ժամ է տևել դատավարությունը, Միսակյանն ասաց՝ հստակ չի կարող նշել, բայց 8 ժամից ավել է տևել։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննելով ներկայացված միջնորդությունը՝ որոշեց այն բավարարել մասնակի՝ հաջորդ նիստի օր նշանակել սեպտեմբերի 23-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։