Կարգապահական տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում անհապաղ, իսկ բացառիկ դեպքերում` տրվելու օրվանից մեկ ամսից ոչ ուշ: Ամիսը լրանալուց հետո տույժը ենթակա չէ կատարման, բայց ծառայողական քարտում գրանցումը պահպանվում է: Նման դեպքում պատասխանատվություն է կրում այն անձը, որի մեղքով տույժն ի կատար չի ածվել:
Բողոքարկման դեպքում կարգապահական տույժի ի կատար ածումը չի կասեցվում, քանի դեռ չի ստացվել այն հանելու մասին ավագ հրամանատարի հրամանը: Կարգապահական տույժը, եթե դրա կիրառման կարգը նշված չէ կանոնադրության մեջ, հայտարարվում է` զինվորներին` անձամբ կամ շարքի առջև:
Սերժանտներին և ավագներին` անձամբ սերժանտների խորհրդակցությունում կամ շարքի առջև. ենթասպաներին` անձամբ, ենթասպաների խորհրդակցությունում, ինչպես նաև ենթասպաների ու սպաների խորհրդակցությունում,սպաներին` անձամբ, կարգադրագրով կամ խորհրդակցությունում (ավագ սպաներին` ավագ սպաների ներկայությամբ, բարձրագույն սպայական կազմին` բարձրագույն սպայական կազմի սպաների ներկայությամբ):
Բացի դրանից, կարգապահական տույժերը կարող են հայտարարվել հրամանով:
Հրամանատարներին (պետերին) իրենց ենթակաների ներկայությամբ կարգապահական տույժ հայտարարելն արգելվում է:
Զինծառայողին կարգապահական տույժը հայտարարելիս նշվում են զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման էությունը և տույժ տալու պատճառը:
Զորամասի տարածքից հերթական արձակումից զրկել նշանակում է ժամկետային ծառայության զինծառայողին մինչև յոթ օր արգելել առանց ծառայողական անհրաժեշտության դուրս գալ զորամասի տարածքից, այդ թվում` մասնակցել զինվորական ավանից դուրս մշակութային ժամանցի ու հանգստի վայրեր կոլեկտիվ (ստորաբաժանման կազմում) հաճախումներին: